Մամուլ 3 տարի առաջ - 09:16 05-10-2023

Հայրենազրկման աղետ, անհայրենիքության բարդույթ. կարևորը՝ աթոռը չեն կորցրել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ մարդու համար: Հայրենազրկման աղետ է:

Կանխատեսված, և Փաշինյանի իշխանության գալով ու վարած օտարաշահ քաղաքականությամբ տեսանելիորեն ուրվագծված, կանխատեսված աղետ, որն ավելի ահավոր է, քան ամենից հոռետեսական կանխատեսումը: Ու այդ ամենի խորապատկերում տեսնում ես Փաշինյանի «մեծամասնական» խմբակցության՝ ՔՊ-ի ներկայացուցիչների ցինիկ ու սանձարձակ վարքը խորհրդարանի դահլիճում:

Այնքան սանձարձակ, որ Արցախը կործանելուց հետո, Հայաստանը օրհասի ջղակծկումների մեջ գցելուց հետո դեռ զազրախոսական արտահայտություններով վրա են տալիս... ընդդիմադիր պատգամավորների վրա, մեղադրում, դատապարտո՜ւմ: Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում», այս դեպքում՝ ճռճռում: Ու, որպես յուրօրինակ «յուղոտ» վերջակետ, քպականներից մեկը ելնում ու ասում է, թե՝ այ, շարունակ գուժում էիք, թե այս ենք կորցնելու, այն ենք կորցնելու, մենք ոչինչ էլ չենք կորցրել: Իրենք, փաստորեն, ոչինչ չեն կորցրել: Արցախը՝ հեչ: Իրենց համար՝ հեչ: Ասում էին, չէ՞, որ զինվորները զոհվում են «ոչնչի համար», հիմա էլ՝ «ոչինչ չենք կորցրել»:

Փաստորեն: Տեսնես սրանք ի՞նչն են կորուստ համարում, առհասարակ: Չնայած այստեղ էլ տեսնելու առանձնապես բան չկա:

Ակամայից մտաբերում ես այն դրվագը, երբ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո, քպական կարկառուններից մեկը, ասես ի մի բերելով իրենց բոլորին ամենից շատ հուզող հարցը, ասաց, թե իրենք ընդամենը 2 պատգամավոր են «կորցրել» խմբակցությունից (երկու ամոթաբուռ ունեցող անձ հեռացել էր խմբակցությունից): Այն, որ հազարավոր զինվորներ ու սպաներ էին զոհվել, այն, որ Արցախի մի զգալի մասը, Շուշին ու Հադրութն էին կորսվել, քպականների համար ընդհանրապես ոչ մի բան էր:

Կարևորը՝ իրենք 2 դեպուտատական ձայնից էին զրկվել ու, ամենից կարևորը՝ իրենց աթոռը չէին կորցրել: Ու հիմա էլ կանգնում ասում են՝ ոչինչ չենք կորցրել: Դե, իհարկե, իրենք ոչինչ չեն կորցրել:

Անհայրենիքությունը ծանր ախտորոշում է: Հիմա՝ հազարավոր ու հազարավոր մարդիկ իրենց «քաղաքականության» հետևանքով հայրենիք են կորցրել, հայրենազուրկ են դարձել, իսկ իրենք մեղավորներ են փնտրում, որ գոնե տեսախցիկների առաջ պատասխանատվությունից պլստան: Անհայրենիքները բերեցին հայրենազրկության: Բայց իրենց համար կարևորն այն է, որ աթոռը չեն կորցրել: Դեռ չեն կորցրել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան