Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:00 26-09-2023

Ահաբեկչությո՞ւն, թե՞ անփութություն. ո՞ւմ էր ձեռնտու Արցախում տեղի ունեցած պայթյունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Արցախում՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն։ Պաշտոնական տվյալներով՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7-ը մահացել են հիվանդանոցում։

Ներկայումս պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեղծված ծանր իրավիճակի հետ մեկտեղ քաղաքացիների շրջանում հարց է առաջանում. Արցախում տեղի ունեցած հերթական ողբերգությունը Բաքվի կողմից իրականացված ահաբեկչությո՞ւն էր, թե՞ պարզապես անփութություն, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձավ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այս համատեքստում հայտնում են, որ պայթել է Ադրբեջանից ուղարկված վառելիքը և հաշվի առնելով այս իրողությունը չափազանց իրատեսական է թվում վարկածը, որ պայթյունը կազմակերպվել է հենց Ադրբեջանի կողմից։

Ահաբեկչության վարկածը կիսում է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինը. նա վստահ է, որ Արցախում բենզինի ցիստեռնի պայթյունն Ադրբեջանն է կազմակերպել։ Նա հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին նշել է, որ պայթել է ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի ցիստեռը և պնդել, որ պայթուցիկը իրենք էլ գործարկել են։ «Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է»,- գրել է Լապշինը։

Բլոգերն իր խոսքում նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի գործողություները ոչնչով չեն տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից։

Պարզելու համար՝ Արցախում տեղի ունեցածը ահաբեկչությո՞ւն էր, թե՞ անփութություն անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել, սակայն հաշվի առնելով Արցախում տիրող քաոսը և բնակչության տարհանման գործընթացը, ենթադրվում է, որ այն չի իրականացվի։ Այս իրավիճակում կարող ենք եզրափակացություններ անել՝ պարզապես համադրելով այն տեղեկությունները, որոնք առկա են բաց աղբյուրներում, ինչպես նաև Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։

Ներկայումս, երբ Արցախի բնակչության մեծամասնությունը տարհանվում է, թվում է, թե Ադրբեջանն այլևս բնակչության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ցեղասպանություն իրականացնելու խնդիր չունի՝ առնվազն ցեղասպան պետության պիտակ չստանալու համար։ Սակայն այստեղ կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվել և մինչև օրս շարունակվում է հայատյացություն քարոզվել, ինչից ելնելով էլ Ադրբեջանի իշխանությունները մինչև վերջին պահը ձգտում են վրեժխնդիր լինել Արցախի բնակչությունից, ովքեր իրենց հերոսական պայքարի արդյունքում երեք տասնամյակ անկախ պետականություն են ունեցել և չեն եղել Բաքվի վերահսկողության տակ։

Հաշվի առնելով նաև այն վայրագությունները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինծառայողներն իրականացրել են խաղաղ բնակչության դեմ կարծում ենք, որ ահաբեկչության վարկածը չափազանց իրատեսական է։ Նշենք, որ Արցախում ավելի քան 9 ամիս տևած շրջափակման հետևանքով առաջացել էր վառելիքի պակաս և բնակչության մեծ մասը սեփական միջոցներով չէր կարող վառելիք հայթայթել՝ Արցախից դուրս գալու համար։ Բնականաբար Բաքվում տեղյակ են այս իրողության մասին և շատ լավ գիտակցում էին, որ քաղաքացիներին անվճար վառելիք բաժանելու դեպքում առաջանելու են մեծ կուտակումներ, իսկ նման իրավիճակում պայթյուն կազմակերպելու դեպքում կլինեն մեծ թվով զոհեր և վիրավորներ։

Բացի այդ Ադրբեջանը պետությունը ստեղծված իրավիճակից փորձում է քաղաքական դիվիդենտներ քաղել և միջազգային հանրությանը համոզել, որ Արցախի դեմ իր կատարած գործողություններն ուղղված չեն խաղաղ բնակչության դեմ։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, իսկ արդեն այսօր Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել։ «Այժմ մենք աշխատում ենք բացառության կարգով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ բժշկական տարհանման և օգնություն ցուցաբերելու համար Գորիս-Կապան-էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու իրավունք տրամադրելու ուղղությամբ», - ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։ Ներկայումս Արցախի բնակչության զանգվածային տարհանման, ինչպես նաև Լաչինի միջանցքի ադրբեջանկան անցակետում տեղակայված անցակետում իրականացվող ստուգումների պատճառով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը գործում է գերծանրաբեռնված և այնտեղով հնարավոր չէ տեղափոխել հրատապ բուժօգնության կարիք ունեցող բոլոր անձանց։ Ադրբեջանն այս իրողությունը գիտակցելով բժշկական միջանցք տրամադրելու պատրաստակամություն է հայտնում, որն անշուշտ հետագայում կօգտագործի սեփական քարոզչական օրակարգը սպասարկելու համար։

Այսպիսով Արցախում նախօրեին տեղի ունեցած ողբերգությունն ամենայն հավանականությամբ Ադրբեջանի կողմից իրականացված հերաթական ահաբեկչությունն էր՝ արցախցիներից վրեժխնդիր լինելու, ինչպես նաև բնակչության շրջանում խուճապային տրամադրություններն էլ ավելի մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ չենք կարող բացառել նաև անփության վարկածը՝ հաշվի առնելով այն խուճապը և քաոսը, որն այսօր տիրում է Արցախում, սակայն վերոհիշյալ փաստերի համադրության արդյունքում ահաբեկչության վարկածն առավել իրատեսական է թվում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը

Ձեզ գուցե հետաքրքրի