Երբ Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը և մենք ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Այս մասին սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երբ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին իրավականորեն պարտադիր որոշումներ ընդունեց, և դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից, այս խորհուրդը, որպես բարձրագույն մարմին, որի նպատակն է այդ դատարանի որոշումների կատարումն ապահովելը, համարժեք արձագանք չցուցաբերեց։ Երբ ապրիլին Ադրբեջանն անօրինական անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, իսկ հետո սկսեց մարդկանց առևանգել, այդ թվում նրանց, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի ներքո են, միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ, երբ ՀՀ-ն կրկին կոչ արեց հրատապ նիստ գումարել 2023 թվականի օգոստոսին՝ զգուշացնելով, որ անվտանգության և մարդասիրական իրավիճակը փխրուն է, և կոչ անելով խորհրդին իր գործիքակազմի միջոցով լուծել խնդիրներն ու մոռացության չմատնել ԼՂ ժողովրդին, այս խորհուրդը համարժեքորեն չարձագանքեց։
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդած օրերի ընթացքում, երբ Հայաստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից ուժի գործադրման հավանականության մասին և կոնկրոտ միջոցներ պահանջում՝ կանխելու համար այս սցենարը, միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացմանը։ Իսկ այժմ, երբ Ադրբեջանն արդեն վերսկսել է ուժի գործադրումը ԼՂ ժողովրդի նկատմամբ, երբ այս մարդիկ ստիպված տեղահանվում են իրենց տներից, և վտանգ կա, որ հարկադրաբար կտեղահանվեն իրենց հայրենիքից, երբ շատերը, ովքեր իրենց ընտանիքներն ու ազատ և արժանապատիվ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն են պաշտպանել, այսօր զանգվածային ձերբակալությունների և քրեական հետապնդումների վտանգի առջև են կանգնած, երբ այնպիսի իրավիճակում ենք, որում այլևս ոչ թե մտադրությունն է, այլ հստակ ահերքելի ապացույցներ՝ էթնիկ զտման քաղաքականության և զանգվածային ոճրագործությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել»,- ասաց Միրզոյանը:
Նա հավելեց՝ չնայած, որ ընդունվել են ադրբեջանական կողմի բոլոր պահանջները՝ արյունհեղությունը դադարեցնելու ու բանակցությունների գնալու նպատակով, ԼՂ-ն կրկին հարձակումների է ենթարկվել տարբեր տրամաչափի զենքերով և ականներով:
Միրզոյանը նկատեց՝ շատերը դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին, այս եզրութաբանությունն այլևս տեղին չէ: Այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք:
Միրզոյանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ արեց վստահելի քայլեր ձեռնարկել իր հեղինակություն օգտագործելով՝ իրականացնելու հետևյալ հրատապ միջոցառումները. «Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը: Պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու, ներառյալ կանանց և երեխաներին պաշտպանելու պարտականությունների կատարում, անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել և գնահատել մարդու իրավունքները, մարդասիրական և անվտանգության իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու, այդ թվում մարմինները գտնելու և վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնությունն առանց վտանգի տեղ հասցնելու համար՝ խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը…Ապահովել երկխոսության արդյունավետ միջազգային մեխանիզմ՝ ԼՂ ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև՝ լուծելու ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները: Պահանջել, որ Ադրբեջանի ռազմական և իրավապահ մարմինները դուրս գան ԼՂ բոլոր քաղաքացիական բնակավայրերից՝ բացառելու համար սադրանքն ու լարվածությունը, քաղաքացիական անձանց չվտանգել մինչև բանակցությունների ավարտը: Եվ հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր լինեն, որոնք կպահպանեն անվտանգությունն ու կայունությունը ԼՂ-ում»: