Երևան +26°
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 01:50 22-09-2023

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը․ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ Եվրոպական միությունը ուշադիր հետևում էր զարգացումներին։ Այս մասին Բորելն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։

Եվրոպացի պաշտոնյան ամբողջական համերաշխություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր հատկապես դժվարությունների ժամանակաշրջանի են բախվել։

«Ամիսներ շարունակ Լաչինի փակման պատճառով նրանք մեկուսացման մեջ են գտնվել, որը հանգեցրել են սննդի և դեղորայքի պակասի, նրանց տեղաշարժման ազատությունը խախտվել է և նրանք նաև բախվել են գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բազմաթիվ խափանումների։
Ադրբեջանն ամբողջական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հարցում։

Եվրոպական միությունը պարբերաբար հստակ հայտարարել է, որ հակամարտությունների լուծման նպատակով ուժի կիրառումը անընդունելի է։ Այդ պատճառով Եվրոպական միությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը, սգում ենք այս սրման հետևանքով մարդկանց մահը։ Ի գիտություն ենք ընդունում հրադադարի մասին հայտարարությունը և հույս ունենք, որ ռազմական գործողությունների և բռնության բոլոր ձևերի դադարեցումը կպահպանվի։

Տեղի բնակչությունը, ավելի քան երբեք, հումանիտար օգնության կարիք ունի։ Բացի այդ, նրանց անհրաժեշտ են իրավունքների և անվտանգության սկզբունքների պահպանման երաշխիքներ։

Այդ պատճառով մենք Ադրբեջանին խնդրում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Առաջինը, բնակչության համար անխոչընդոտ հումանիտար հասանելիություն ապահովել, այդ թվում՝ նաև Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով։ Կարևոր է, որ հումանիտար օգություն տրամադրող աշխատակիցները շարունակեն աշխատանքն այս տարածաշրջանում և անհարժեշտության դեպքում ակտիվացնեն աշխատանքները։

Եվրամիությունը և դրա անդամ երկրները պատրաստակամ են անհետաձգելի հումանիտար օգնություն տրամադրել։ Այսօր Եվրոխորհուրդը հայտարարել է կարիքավորներին օգնելու համար տանախտեսված հումանիտար օգնության առաջին փաթեթի մասին։

Երկրորդը, անհրաժեշտ է ամբողջական և թափանցիկ դիալոգ սկսել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով՝ ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Ի գիտություն ենք ընդունում այսօր տեղի ունեցած հանդիպումը։

Հստակ շեշտում եմ, որ Եվրամիությունը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս բոլոր գործող կողմերը պետք է նույն կերպ վարվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանին հստակ ընդգծել Հայաաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը և համաձայնել երկու երկրների միջև դելիմիտացիային՝ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի ոգուն և տառին համապատասխան։

Եվրամիությունը հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման կոչ է անում առկախ բոլոր հարցերի շուրջ՝ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք վճռական ենք շարունակել նպաստել այս երկրների միջև երկխոսությանը՝ կայուն ևհարատև խաղաղության հասնելու՝ ի նպաստ տարածաշրջանում ապրող բոլոր բնակիչների»,- իր ելույթում նշել է Բորելը։