Ներքին 3 տարի առաջ - 11:57 20-09-2023

Իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու ներկայացնեն ժողովրդին. Բեգլարյան

Մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել։ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը․

«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:

Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:

Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:

Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք:

Հ.Գ. Թող հատկապես Արցախից դուրս գտնվող որևէ մեկը չփորձի ինձ հայրենասիրության դասեր տա՝ կտրված լինելով այս դաժան իրականությունից, որի միայն մի փոքր մասն է դրսից տեսանելի»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի