Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:50 14-09-2023

Ամասիայում ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ախուրյան խոշորացված համայնքի սցենարով փորձում է Ամասիա համայնքում ևս զավթել իշխանությունը։ Oragir.News-ի աղբյուրը տեղեկացնում է, որ Ամասիա խոշորացված համայնքում մոտ ժամանակներս տեղի կունենա իշխանափոխություն։

Իսկ թե ինչու իշխող ուժի և ՏԻՄ-ի ջրերը մի առվով չեն գնում, պիտի սկսենք 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններում Ամասիա համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ական Ջեմմա Հարությունյանը, այդ պահից սկսած Ամասիայում կրքերը, մեղմ ասած, սկսեցին թեժանալ։ ՔՊ-ի համար վիրավորական էր, որ իրենց թեկնածուն՝ Մերգել Ղարիբյանը, Ամասիայում պարտվեց։ Հակառակ ՔՊ-ի մի շարք անհաջող տրյուկների, Ամասիա համայնքի ղեկավար դարձավ Ջեմմա Հարությունյանը՝ «Աշոցք- ճանշին» ընկերության ղեկավար Մարսել Կարապետյանի կինը։ Ջեմմա Հարությունյանի ընտրվելուց հետո, ՔՊ-ականները նույնիսկ դատի էին տվել, բողոքարկել ընտրության արդյունքները և պահանջել նոր ընտրություններ։

Նշենք, որ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ընտանիքը մարզում բարձր հեղինակություն ունի. վերջինիս ամուսնու եղբայրը՝ Գենիկ Կարապետյանը, հանդիսանում է «Հին Արենի» գինու գործարանի, ինչպես նաև Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատեր։ Կարապետյաններին է պատկանում նաև Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը։

«Իշխանությանը վրդովվեցնում է, որ Ջեմմա Հարությունյանի ընտանիքը բավականին լավ կապեր ունի նախկին իշխանությունների հետ, ամբողջ համայնքում գիտեն, որ նրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մտերիմ են։ Հիմա ՔՊ-ականները լծված են իշխանազավթմանը։ Չի բացառվում, որ մոտակա ժամանակներս ՔՊ-ն կազատվի իրենց համար անցանկալի համայնքի ղեկավարից՝ Ջեմմա Հարությունյանից։ Իշխանականների համար վիրավորական է նաև այն, որ համայնքի ղեկավարի տեղակալը ևս ՀՀԿ-ական է։ Հավանական է, որ հենց իրենց պարտված թեկնածուին՝ Մերգել Ղարիբյանին կառաջադրեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ամասիա խոշորացված համայնքի մեր աղբյուրը, ում խնդրանքով իր անունը չենք հրապարակում։

Նշենք, որ հուլիսին էլ նույն սցենարով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ախուրյանում զավթեց իշխանությունը։ Դաշնակցական Արծրուն Իգիթյանը հրաժարական ներկայացրեց, Ախուրյանի համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Զավեն Մանուկյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է։

Իշխող ուժը իր համար անցանկալի թեկնածուից ազատվեց նաև Անի համայնքում։
ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի դեմ նախ սկսվեց քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում։ Որքան արագ աղմուկը բարձրացավ, նույնքան արագ էլ մարեց։
Անի խոշորացված համայնքում ևս ՔՊ-ն իր կադրին է նշանակել՝ Արման Սարիբեկյանին, ով մինչև իշխանափոխությունը «Հայփոստ»-ի Մարալիկ բաժանմունքում էր աշխատում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց