«Արցախում ժողովուրդն արդեն էլ ձգելու տեղ չունի։ Այս պահին մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը, բայց սա արվում է չափազանց անկազմակերպ»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը։
«Կտրոնների համար հերթերը 100-ավոր մետրերի են հասնում բոլոր այն վայրերում, որտեղ նախատեսված է եղել կտրոնների տրամադրման գործընթացը։ Մարդիկ վաղ առավոտից կանգնած են եղել, բայց, օրինակ, հենց սոցապնախարարությունում, թեև ասել էին, որ հոսանքը չի անջատվելու, բայց անջատվել էր։ Տեղում դվիժոկի վառելիքը չէր եղել, բերել, մարդիկ 2 ժամ սպասել են, մինչև վառելիքը բերել են, որից հետո պարզվել է, որ սարքը խնդիր ունի։ Դրանից հետո վթարի պատճառով հոսանքը ևս 40 րոպե ուշացումով են տվել, արդյունքում՝ մարդիկ չգիտեին՝ գնալ, թե սպասել»։
Նա ընդգծեց, որ մյուս բոլոր տեղերում էլ իրավիճակը գրեթե նույնն է, մոտավորապես 1000 մետի հասնող հերթեր են։
«Շոգն ու հոգնածությունն էլ մի կողմից, մարդիկ ժամերով կանգնում են, որ գոնե կես հացի կտրոն վերցնեն։ Հույս էլ չկա, որ նորմալ կազմակերպված է լինելու հացի փռերի աշխատանքը, և հնարավոր է լինելու գոնե կտրոնով հաց գնել։ Իրավիճակը գնալով ավելի ծանր ու անտանելի է դառնում»։
Նա ընդգծեց, որ 21-րդ դարում մարդիկ կես հացի համար ամբողջ օրը հերթ են կանգնում։
«Համակարգման աշխատանքները շատ վատ են արվում, բարձիթողի վիճակ է։ Պետությունը շատ մեծ բացթողումներ ունի հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում, սա խորացնում է ներսում սոցիալ-տնտեսական վիճակը։ Այս ամենը կարելի էր ավելի լավ կազմակերպել, որպեսզի մարդիկ ավելի քիչ տանջվեն։ Մարդիկ հերթից հերթ են վազում, երբեմն կանգնելն ապարդյուն է լինում։ Արդյունքում, բնական է, որ հեռանալու մասին են մտածում։ Սա շատ մեծ վտանգ է, քանի որ այդպես նաև պայքարի ոգին է տեղի տալիս։ Ինչքա՞ն մարդիկ կարող են պայքարել իրենց հողում մնալու համար, մարդիկ երկաթից չեն, բնական է, մի օր տեղի են տալու»։
Աբրահամյանն ասաց, որ սա այժմ միակ խնդիրը չէ։ Իրավիճակն անտանելի է դարձնում նաև հիգիենայի պարագաների բացակայությունը, իսկ սա մեծ վտանգներ է իր մեջ պարունակում։
«Դասապրոցեսները մեկնարկել են, այսինքն՝ երեխաները գնալու են դպրոց, ու եթե դպրոցներում հիգիենայի խնդիրները չլուծվեն, իսկ տներում օճառ կամ հիգիենայի պարագաներ չկան, հասկանալի է, որ մեկը մյուսից ոջիլ են ընկնելու։ Եթե նախկինում գոնե հնարավորություն էր լինում, ու ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ժամերը համընկնում էին, մարդիկ լոգանք էին ընդունում, ապա հիմա այս շոգին մարդիկ եթե անգամ լոգանք են ընդունում, ապա դա անում են առաց օճառի։ Այսինքն, շատ մեծ է համաճարակի վտանգը ու իմ համար ամենաամեծ մտահոոգությունը հենց այդ է։ Մենք համաճարակի բռնկմանը շատ մոտ ենք։ Այս ամենին գումարվում է աղբահանության բացակայությունը, ողջ քաղաքում գարշահոտ է տարածվում։ Այս ընթացքում մեկ անգամ ստացվել է հավաքել աղբը, բայց էլի նորից հավաքվել է։ Ինձ ավելի շատ հենց սանիտարահիգիենիկ վիճակն է մտահոգում, չգիտեմ՝ ինչու են մասնագետները լռում, բայց ինձ համար ակնհայտ է, որ դա լինելու է»։
Նա ընդգծեց, որ կապ է հաստատել Հայաստանի գրոծընկերների հետ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ և խնդրել է, որ բոլոր գործիքակազմերը օգտագործեն, որպեսզի Արցախ գոնե մեկ ուղղաթիռ հիգիենայի պարագաներ մտնեն։
«Օրինակ՝ ես 8 օր հաց չեմ կերել, բայց ես 8 օր չեմ կարող առանց լողանալու մնալ, սա ամենասուր խնդիրն է։ 17-րդ դարում չենք, որ գնանք գետում լողանանք»։
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ խաղաղապահների հետ բանակցել, որպեսզի հիգիենայի պարագաներ մտնեն Արցախ, նա նշեց որ խաղաղապահները դա կարող են անել, բայց չգիտես ինչու՝ այդ աշխատանքը չի արվում։
«Չեմ կարծում, որ դա լուրջ դժվարություն է, ինչի՞ են սպասում, որ Արցախում համաճարակ լինի։ Ընդ որում՝ միայն խաղաղապահների խնդիրը չէ, Հայաստանում քանի միջազգային կազմակերպության գրասենյակ կա՝ ՄԱԿ, ԵՄ, իրավապաշտպան կազմակերպություններ, ինչո՞ւ չեն ասում, որ 120 հազար մարդ ոչ միայն սովամահության խնդրի առաջ է, այլև համաճարակի, ինչու գոնե մեկ ուղղաթիռ հիգիենայի պարագա չեն ուղարկում, սա ի՞նչ է ստրկատիրական ժամանակներ են, ուզում են ստիպողաբար մարդկանց մտցնել Ադրբեջանի կազմ, չի լինելու»։