Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:08 21-08-2023

Եթե ուզում ես խաղաղ ու երջանիկ ապրել, միայն ներքև՝ մայր հողին նայիր․ Պերճ Զեյթունցյանի հիշատակի օրն է

Նա ապրում ու ստեղծագործում էր կյանքի իմաստը գտնելու համար։ Եվ կարծես գտել էր․ կյանքի իմաստը հենց կյանքն էր։

Այսօր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի առաջին նախարար Պերճ Զեյթունցյանի հիշատակի օրն է։

Նա աչքի էր ընկնում իր ստեղծագործական ձիրքով դեռ աշակերտական տարիներից։ Երբ դպրոցն ավարտեց, արդեն ընթերցողի սեղանին էր «Նրա առաջին ընկերը» պատմվածքների ժողովածուն։ Սա խոսում էր գրողի բացառիկ օժտվածության մասին։



Մի առիթով Զեյթունցյանը պատմել է, որ մի քանի անհաջող գործեր ընթերցելուց հետո պատանի հասակում հղացել է, թե եթե սա է գրականությունը, ապա ինքը ավելի լավը կարող է ստեղծել, և փառք է տալիս տիրոջը, որ հետո իսկական գեղագետների ու ճշմարիտ գրականության է հանդիպել․ այս իմաստով իր ուսուցիչները Մոպասանն ու Չեխովն են դարձել

Նա նախ ընդունվում է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտ, սակայն կարճ ժամանակ անց մեկնում է Մոսկվա, սովորում ու ավարտում Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Այս տարիները անչափ կարևոր ազդեցություն ունեցան երիտասարդ գրողի ձևավորման վրա։ Նա դիտում է հարյուրավոր բարձրարժեք ֆիլմեր՝ սկսած դասական գործերից, մինչև ժամանակակից լավագույն գործերը, դրան զուգահեռ նա տարվում է Մոսկվայի թատերական կյանքով։ Նա ամուր և մշտական սիրով էր կապված թատրոնին։



«Հայֆիլմ» կինոստուդիան 1973-ին նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկան»: Երևանի դրամատիկական թատրոնը 1974-ին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» տրագիկոմեդիան, 1980-ին` «Աստվածների կանչը» դրաման, 1984-ին` «Մեծ լռություն» (Դանիել Վարուժանին նվիրված) պիեսները: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Անավարտ մենախոսություն» (1983) դրամաները: 1988-ին բեմադրվել է Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», «Ոտքի, դատարանն է գալիս», 1999-ին` «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» գործերը: Ինքը` Պերճ Զեյթունցյանը 1984-ին բեմականացրել է «Սպենսեր Դոնովանի գործը» հեռուստատեսային ներկայացումը ըստ Ֆելիքս Ջեքսոնի «Աստված ինձ օգնական» վեպի:

Տարված լինելով եվրոպական գրականությամբ՝ նա միևնույնն է, ամուր կառչած էր իր հայկականությանը։ Այս հայացքով են գրվել «Արշակ Երկրորդ» վեպը, «Մեծ լռություն», «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսները և այլ գործեր։



«Եթե ուզում ես խաղաղ ու երջանիկ ապրել, միայն ներքև նայիր, մայր հողին նայիր, քո ինչ գործն է, թե արևը որտեղից է ծագում, կամ Մեծ Մասիսի գլխին ձյուն կա՞, թե ոչ, հալվել է, թե ոչ, պետք է նաև մտրակի տակ երջանիկ լինել։ Այդպիսի երջանկությանը դժվար են ընտելանում։ Ուրեմն պետք է ստիպել մարդկանց, պետք է նրանց խմբովին կրկնել տալ, որ իրենք երջանիկ են։ Դավաճանության այս երկարաշունչ փիլիսոփայությունը ձգվում հասնում է մինչև մեր օրերը։ Սխալվում են նրանք, երբ ասում են պատմությունը կրկնվում է – ո´չ. շարունակվում Է, բայց անտեսանելի ընդհատումներով։ Հակառակորդն, ասում են, մշտապես որոնում, գտնում ու զինակցում Է դավաճանի հետ այն ազգի, որի դեմ կռվում, որին ցանկանում Է պարտության մատնել ոչ միայն զենքով, այլև ոգով»,- ասում էր Զեյթունցյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները