Կան սերեր, որոնք դառնում են նվիրումի և ինքնազոհողության լավագույն օրինակ, սերեր, որոնք արժանի են հավերժանալու սերունդների հիշողության մեջ։ Այդպիսի մի ողբերգական սիրո օրինակ է Վահան և Անահիտ Տերյանների սիրո պատմությունը։
Դերբենդցի 17-ամյա Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորում էր Մոսկվայի՝ կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում, որտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու՝ Վահան Տերյանի հետ։
Արդեն 1919-ից նրանք միասին էին, Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում:
Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ բանաստեղծի հետ, Անահիտի մայրը գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:

Սակայն մայրական խոսքը ոչինչ փոխել չէր կարող․ Անահիտն ու Վահանը կապված էին ջերմագին ու ազնիվ սիրով։
1919 թ․ աշնանը Տերյանը Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կարևոր և շտապ հանձնարարությունով ճանապարհ է ընկնում Տաշքենդ։ Անահիտը պիտի մայրանար, և Տերյանին անհանգստացնում էր կնոջը Մոսկվայում մենակ թողնելու հեռանկարը, մանավանդ որ նա գրեթե մերժված էր իր ընտանիքի կողմից։ Մենակ մեկնելն իր համար էլ էր դժվարություններ առաջացնում․ արդյոք առանց խնամող ձեռքի նա կարո՞ղ էր իրականացնել այդ երկար ու դժվարին ճանապարհորդությունը։ Անելանելի թվացող դրությունից ելքը գտնում է Անահիտը՝ սիրահոժար պատրաստակամություն հայտնելով ուղեկցել ամուսնուն։
Սամարայից սկսվում են դժվարությունները։ Պարզվում է, որ այդ քաղաքից այն կողմ մարդատար գնացնքեր չէին գնում, չկար երթևեկություն դեպի Տաշքենդ։ Անահիտը հետագայում գրում է, որ Տերյանն արդեն սկսել էր ջերմել։ Բժիշկ Իսահակյանցը ստուգել էր կոկորդը և ասել, որ վտանգն այնքան էլ մեծ չէ, 3 օրից կարելի է շարունակել ճանապարհը։ Անահիտը, տեսնելով հիվանդի օր օրի ծանրացող վիճակը, առաջարկում է վերադառնալ Մոսկվա, սակայն Տերյանը կտրականապես մերժում է։
Ճանապարհին Տերյանի վիճակն էլ ավելի է վատանում։ Գնացքի վագոնները չէին տաքացվում։ Գիշերը ցուրտն անտանելի էր դառնում։ Սկսվել էին ստամոքսի ցավերը։
Դեկտեմբերի 12-ին նրանք արդեն Օրենբուրգում էին։

Անահիտը մի քանի ժամով կայարանում մենակ էր թողել Տերյանին՝ փորձելով Օրենբուրգ գնացող ուրիշ գնացք գտնել։ Իսկ երբ վերադառնում է, տեսնում է, որ բանաստեղծը հրաժեշտի նամակ էր գրում՝ կարծելով, թե կմեռնի մինչև կնոջ վերադարձը։ Անահիտի որոշումն անբեկանելի էր․ նրանք գնում են Օրենբուրգում Շահիջանյան ընտանիքի բարեկամներից մեկի տուն՝ Օհանյանների մոտ։ Այստեղ Անահիտը խնամում էր արդեն անկողնուն գամված ամուսնուն՝ ոչ մի րոպե չհեռանալով նրա կողքից։
«… Հունվարի 6-ին հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ, և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում՝ ո՞ւմ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա․․․
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…»։
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»,- Տերյանի կյանքի վերջին օրերի մասին գրում է Անահիտը:

Հղիության 6-րդ ամսում գտնվող Անահիտը կազմակերպում է Տերյանի թաղումը, ապա վերադառնում Մոսկվա։
Վահան Տերյանի մահից 3 ամիս անց ծնվում է Տերյանի միակ ժառանգը, որին մայրը անվանակոչում է Նվարդ՝ ի պատիվ Տերյանի սեր և Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդ Թումանյանի։
Օվսաննա Իսրայելյան