Երևան +12°
copy image url
Մշակույթ 9 ամիս առաջ - 15:26 15-08-2023

Եթե այս տնակները լողում են, բա ինչո՞ւ մենք մեր տունը չվերցրինք մեզ հետ․ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է

«Եթե մենք առհասարակ կարողանում ենք իշխել մեր կրքերի, մոլությունների վրա, ապա Վահագն Դավթյանը մարդու, գործչի և պոետի իր կյանքը վարում էր ճարտարապետներին քաջածանոթ ոսկե հատման օրենքով»,- Վահագն Դավթյանի գրում է Հրանտ Մաթևոսյանը։

Վահագն Դավթյանի կյանքի առասպելը մաքառումի ու հավերժական կարոտի մասին է, նրա ստեղծագործությունը խաղաղության ու ներդաշնակության մի փնտրտուք է։

Այսօր բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է։



«Կորուստների մի ծանր բեռով ես մտա գրականություն․ կորցրել էի մարդու համար թերևս ամենանվիրական արժեքը՝ բիբլիական Եփրատի վտակներից մեկի ափին ծվարած Արաբկիր ծննդավայրս․․․

Մորս պատմելով, երբ Տրապիզոնում նավ էինք նստել՝ գաղթելու համար դեպի օտար ափեր, ես չորս տարեկան էի ու նայելով ջրերի վրա լողացող նավակներին, որ ինձ տներ էին հիշեցնում, մորս ասել եմ․ «Եթե այս տնակները լողում են, բա ինչո՞ւ մենք մեր տունը չվերցրինք մեզ հետ․․․ Հավանաբար, հենց այդ օրերից մեջս սկսել է մխալ ծննդավայրի ու հայրենի տան կարոտը:

1896թ-ին պապս՝ Մկրտիչ աղան, շուկայում է եղել, երբ սկսվել են համիդյան ջարդերը։ Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել, սպանել...

Պապս, այդ կույր ամբոխից հալածված, մի կերպ հասել է տուն, փակել դռները և, լուսամուտներից կրակելով, դիմադրել է: Բայց անհավասար են եղել ուժերը: Խուժանը ջարդել է դռները, մտել, ամեն ինչ տակնուվրա է արել, բայց չի գտել պապիս ու շատ է զարմացել, որ, ահա, մի գյավուր մտավ տուն ու նրա չորս պատերի մեջ չքացավ: Բայց ավարն այնքան հարուստ է եղել, որ ուշադրություն չի դարձրել այդ հրաշքին, թալանել է և հեռանալիս, այնուամենայնիվ, յաթաղանով փորփրել մառանում դրված ցորենի հսկայական գուբը: Նրանց հեռանալուց հետո ցորենը սկսել է դանդաղորեն կարմրել: Կարմրել է ցորենը, ամբողջովին շաղախվել արյունով... Յաթաղանի շեղբը ցորենի մեջ պահված պապիս կոկորդին է առած եղել...

Արնոտ ցորենի միջից բարձրացել է պապս, որ ընդամենը 30 տարեկան է եղել, եւ խոսքը խլացել է արնոտ փրփուրի մեջ:



Երկրորդ պատմությունը հորաքրոջս մասին է: Վերջերս առոք ու փառոք հողին հանձնեցինք նրան, որ, չզարմանաք... թրքուհի էր...

Այսպես է եղել. իսկական հորաքրոջս ամուսինը, որ մի հաղթանդամ ու գեղեցիկ տղամարդ էր, անունը՝ Գաբրիել աղա, 1915 թվի եղեռնից առաջ պանդխտել է Ռուսաստան, փռնչիություն արել Հյուսիսային Կովկասում: 1916 թվին, իբրեւ կամավոր, Անդրանիկի հետ մտել է Էրզրում, գնացել է իր հայրենի Ձիթող գյուղը, տեսել, որ ամեն ինչ ավեր է, ամայի, չկա կինը, չկան երեխաները, չկա հարազատներից ոչ մեկը... Լսել է, որ հարեւան Դինարքոմ գյուղի բեկն է այդ ամենի անմիջական հեղինակը: Մտել է Դինարքոմ, առեւանգել է բեկի աղջկան... Առեւանգել է, ուզեցել է սպանել... եւ չի կարողացել... Հետո զորքերի հետ հեռացել է, հասել Հասանղլա եւ զարմանքով տեսել, որ դեռատի թրքուհին, երեւի իր մեծահոգությունից գերված, իր հետքերով, իրեն գտնելու համար հասել է այդտեղ ու... կնության է առել նրան, բերել հետը... Եվ մենք սիրել ենք մեր նոր հորաքրոջը, եւ նա մեզ է սիրել... Մի քանի տարի առաջ գնաց Թուրքիա, տեսավ եղբայրներին, հարազատներին ու վերադարձավ:

Մենք նրան հորաքրոջս անունն էինք տվել՝ Արաքսի: Մահանալուց հետո միայն ես նրա իսկական անունն իմացա, որ Նեյմա է: Նովել է սա, գուցե ամբողջ մի վեպ, որ պիտի գրվի:
Իմ կենսագրության հետ առնչվող այս երկու փաստերի մեջ ես մեր ժողովրդի պատմության մեծ խորհուրդներից մեկն եմ տեսնում՝ միշտ մեր հանապազօրյա ցորեն հացն արյամբ են շաղախել, բայց մենք միշտ մարդ ենք մնացել»,-իր կյանքի հեռավոր ողբերգական էջերի մասին հիշել է Վահագն Դավթյանը։

Հետո կյանքը նոր հուն է առել։ Սպանդից մազապուրծ փախած մի խումբ արաբկիրցիներ, իմանալով, որ Երևանում Արաբկիր անունով թաղամաս է հիմնվել, շտապում են գոնե այս կերպ սփոփանք գտնել։ Այդպես Վահագն Դավթյանի ընտանիքը ևս հաստատվում է Երևանում։



Ինչ հետաքրքրական է հայրենիքի ուժը․ մանկության ընդամենը 4 հեռավոր ու աղոտ տարիներն էին անցել կապտատանիք Արաբկիրում, բայց արյունը պահպանում է հիշողությունը․

Ու երբ ծարավում է իմ արյունը այսպես,
Գիտեմ՝ քարափներիդ ամայության վրա
Շնչահատ է լինում
Շողուն ու շեկ մի շոգ,
Եվ որձաքարն է քո պատառ-պատառ ճաքում։

Այնտեղ՝ հեռավոր Արաբկիրում նա թողել էր առաջին անգամ աշխարհում տեսած իր առավոտը, լաց ու ճառագայթ, հողի հոտ․․․ Բայց նրա համար հայրենիքն ավելին էր, քան սոսկհողն ու քարը․ «Բայց հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու: Իսկ այդ ոգու ամենամեծ կրողը պոեզիան է: Անգամ նրանք, ովքեր պոեզիա չեն կարդում, միեւնույն է՝ իրենց համար իսկ աննկատելի այդ պոեզիայի մթնոլորտում են ապրում: Եվ քանի դեռ ժողովուրդը բանաստեղծներ է ծնում, ուրեմն կենսունակ է, կենսունակ է նրա լեզուն»: