Ուղիղ եթեր
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
copy image url

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Արտաքին 1 տարի առաջ - 22:00 15-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը բնութագրվում է որպես փոփոխական և անվստահելի: Չնայած Թուրքիան պաշտոնապես չմասնակցեց պատերազմին և արտաքուստ չեզոքություն պահպանեց, այնուամենայնիվ վերջինիս ստվերային դիվանագիտությունը նկատելի էր, և երկիրը հարմար իրավիճակի առկայության դեպքում պատրաստվում էր մասնակցել պատերազմին։

Պատերազմի տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առանձնանում են երեք ուղղություն. հարաբերություններն անգլո-ֆրանսիական կողմի հետ, հարաբերությունները Գերմանիայի հետ և, ի վերջո նաև խորհրդա-թուրքական լարված հարաբերությունները:

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվներում հայտաբերված նյութերից պարզ է դառնում, որ 1938թվականի դրությամբ Թուրքիայի իշխանությունները նախընտրությունը տալիս էին Գերմանիային, սակայն չէին շտապում այդ երկրի հետ դաշինք կնքել։ Պատերազմի առաջին փուլում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի մերձեցման արդյունքում 1938 թվականին Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիր է ստորագրվում։ Հետագայում Գերմանիան Թուրքիայի հետ այդ տարիներին վարած քաղաքականությունը կհամարի իր ամենամեծ սխալը:

Թուրքիան հյուսիսից պաշտպանում էր Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան տարածքները: Դա էլ ավելի էր բարձրացնում Թուրքիայի «արժեքը»: Որոշ փաստաթղթերի համաձայն` այդ տարիներին Թուրքիան ծրագրեր է ունեցել Հյուսիսային Իրաքի տարածքների հետ կապված. Անկարային հիմնականում հետաքրքրում էին նավթով հարուստ շրջանները, որոնք դեռևս Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ Մուսթաֆա Քեմալը ցանկանում էր ընդգրկել նորաստեղծ պետության կազմում, սակայն դա նրան չհաջողվեց։

Պատերազմի ընթացքում Թուրքիան քաջ գիտակցում էր իր որոշիչ դերը. եթե անցներ Գերմանիայի կողմը, ապա լուրջ հարված կհասցներ Մեծ Բրիտանիային, և վերջինս կկորցներ Մերձավոր Արևելքի իր տարածքները: Իսկ եթե պաշտպաներ Մեծ Բրիտանիային, ապա Գերմանիայի առջև կփակվեին սևծովյան նեղուցները, և վերջինս կկորցներ վերահսկողությունն այդ տարածաշրջանում: Այդ պատճառով Գերմանիային աջակցելու դիմաց Թուրքիան պահանջում է Մոսուլն իր շրջակայքով, իսկ մյուս կողմում հանդես գալու համար առաջարկում էր վերադարձնել Օսմանյան կայսրության տարիներին իրեն պատկանող Էգեյան կղզիները, այդ թվում` Կիպրոսը:

Սակայն, ըստ էության, ոչ Գերմանիան, ոչ էլ Մեծ Բրիտանիան Լոնդոնը չէին պատրաստվում զիջել այդ տարածքներն Անկարային: Ըստ այդ տարիների փաստաթղթերի` Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը Թուրքիայի այս ցանկությանը պատասխանել է հետևյալ կերպ. հնարավոր է՝ իրենք համակերպվեն այն մտքի հետ, որ նա իրենց դաշնակիցը չէ, սակայն երբեք «անգլիական թագի զմրուխտ» համարվող Կիպրոսը չեն հանձնի նրան` վստահեցնելով, որ Անգլիայի և ոչ մի կառավարություն նման նախապայմաններով Թուրքիայի հետ համաձայնության չի գա: Լոնդոնը կարող էր բավարարվել միայն Անկարայի չեզոքությամբ, ինչը մեծացնում էր թուրք-գերմանական դաշինքի ձևավորման հավանականությունը:

Հետպատերազմյան տարիներին ամերիկացի պատմաբանները, գնահատելով այդ տարիների իրադարձությունները, գրում են, թե կարևորն այն էր, որ իրենք թույլ չտվեցին, որ Գերմանիան Թուրքիային ներքաշի պատերազմի մեջ, քանզի դա կկանխորոշեր հակաֆաշիստական կոալիցիայի պարտությունը: Թուրքիայում այդ տարիներին ԱՄՆ-ի դեպսան Մաջմուրայը 1939թ. Վաշինգտոն ուղարկած իր զեկուցագրում նշում էր, որ Թուրքիային ձեռնտու չէ պատերազմի մեջ մտնելը, քանզի հնարավոր է, որ կորցնի իր տարածքների մեծ մասը, այդ պատճառով էլ ընտրել է չեզոքությունը:

1941թ. փետրվարի 14-ին ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ Թուրքիային վերաբերող զեկուցագրերում նշվում էր, թե ենթադրվում է, որ Անկարան պատերազմի մեջ մտնելու նպատակով է զորահավաք սկսել, սակայն միաժամանակ հույս էր հայտնում, որ վերջինս հավատարիմ կմնա իր պարտավորություններին և չի խախտի 1925թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը: 1941թ. մայիսի 2-ին Ճապոնիայում գործող խորհրդային հետախույզ Ռ.Զորգեն կենտրոն ուղարկած իր տեղեկատվության մեջ Մոսկվայի ուշադրությունն էր հրավիրում գերմանա-թուրքական ընթացող բանակցությունների վրա: Նա գրում էր, որ «այդ երկու երկրների համաձայնության գալու դեպքում ԽՍՀՄ-ի շուրջ իրավիճակն էլ ավելի կբարդանա և պատերազմից խուսափելն անհնար կլինի: Գերմանիան պատրաստ է միաժամանակ պատերազմել և՛ ԽՍՀՄ-ի, և՛ Անգլիայի դեմ»:

Հետախույզն իր գնահատականում չէր սխալվում. Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից մի քանի օր առաջ` հունիսի 18-ին, Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամության ու չհարձակման գաղտնի պայմանագիր է կնքվում: Գերմանիայի արտգործնախարար Ի.Ռիբենտրոպի կարծիքով` այս փաստաթուղթը պետք է Թուրքիային ազատեր այն հարաբերություններից, որոնք նրան կապում էին Անգլիայի հետ, ավելին, նպաստելու էր, որ Անկարան, ի վերջո, ընդգրկվեր առանցքի երկրների շարքում: Պայմանագիրն ապահովում էր նաև գերմանական բանակի հարավային թիկունքն անակնկալներից. Գերմանիան այլևս կախվածության մեջ չէր լինելու Իրանից և կարող էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել Թուրքիայի տարածքով: Բացի այդ, փաստաթուղթը Գերմանիային իրավունք էր վերապահում Թուրքիայի տարածքով զենք ու զինամթերք տեղափոխել, ավելին, վերջինս պետք է նպաստեր Մերձավոր Արևելքում Գերմանիայի ազդեցության մեծացմանը:

Այսպիսով Թուրքիան պայմանագիր ուներ ոչ միայն Գերմանիայի, այլև ԽՍՀՄ-ի հետ: 1925թ. դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության մասին պայմանագիրը երեք անգամ երկարաձգվել էր տարբեր ժամկետներով: Միաժամանակ ավելացվել էին նոր հավելվածներ, որոնք լուծում էին երկու պետությունների միջև այդ տարիներին ծագած խնդիրները: Վերջին անգամ` 1935թ., այն երկարացվել էր 10 տարով, այսինքն` մինչև 1945թ. նոյեմբերի 7-ը: Անկարայում 1929թ. ստորագրված արձանագրության Բ հոդվածի համաձայն` կողմերը պարտավորվել էին միմյանց տեղյակ պահել երրորդ պետության հետ քաղաքական պայմանագիր կնքելու մասին և առանց մյուս կողմի համաձայնության` այն չստորագրել: Սակայն, Թուրքիան 1941թ. հունիսի 18-ին պայմանագիր էր ստորագրել Գերմանիայի հետ` դրանով իսկ խախտելով խորհրդա-թուրքական պայմանագիրը: Այս փաստաթղթի ստորագրումից չորս օր անց` 1941թ. հունիսի 22-ին, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որից անմիջապես հետո` հունիսի 25-ին, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հ.Աքթայը ԽՍՀՄ արտգործնախարարությանը պաշտոնապես հայտարարեց իր երկրի «չեզոքության» մասին: Չնայած չեզոքությանը` պատերազմի տարիներին Թուրքիան չէր թաքցնում բացասական վերաբերմունքը ԽՍՀՄ-ի նկատմամբ:

Պատերազմի տարիներին հակախորհրդային քաղաքականություն վարելով` Թուրքիան նախևառաջ փորձում էր իրականացնել իր պանթյուրքիստական ծրագրերը: Այդ ժամանակաշրջանում թուրքական մամուլը լեցուն էր հակախորհրդային հոդվածներով: 1941թ. օգոստոսի 5-ին Թուրքիայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենը Բեռլին ուղարկած իր մի գրությամբ տեղեկացրել է, որ Գերմանիայի հաղթանակները Ռուսաստանում հանգեցրել են նրան, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում խորհրդա-թուրքական սահմանից այն կողմ ապրող իրենց հայրենակիցների, հատկապես Ադրբեջանի թուրքերի ճակատագրով: Այս շրջանակները ցանկանում են իրականացնել իրենց 1918թ. ծրագրերը և Անդրկովկասը, այդ թվում` Բաքվի հարուստ նավթային պաշարները միացնել Թուրքիային:

Աթաթյուրքի մահից հետո Թուրքիայում վերստին զարթոնք է ապրում պանթյուրքիստական գաղափարախոսությունը: Գերմանիան, տեսնելով Թուրքիայում տիրող այս տրամադրությունները, օգտվելով իրավիճակից` վերջինիս խոստացել է «չեզոք և չպատերազմելու» դիմաց նրան զիջել ԽՍՀՄ սահմանամերձ որոշ շրջաններ: Գերմանացի ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյնը իր գրառումներում նշել է, որ հաստատելով Ղրիմի վրա հարձակման ծրագիրը` գերմանական հրամանատարությունը հաշվի է առել նաև այն, որ Գերմանիայի հաղթանակը որոշիչ դեր կխաղա Թուրքիայի կողմնորոշման վրա։

Ավելի ուշ՝ 1942թ. հունվարի 5-ին ֆոն Պապենը հաղորդել է Բեռլին, որ օրեր առաջ նախագահ Իսմեթ Ինյոնյուի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինս մի քանի անգամ կրկնել է, թե Թուրքիան մեծապես շահագրգռված է ԽՍՀՄ պարտությամբ, և որ անգլո-ամերիկյան կողմից ոչ մի քարոզչություն ու ոչ մի ճնշում չեն կարող ստիպել նրան այնպիսի քայլեր անել, որոնք կվնասեն Գերմանիայի շահերը: Ինյոնյուի խոսքով` ներկա պահին Թուրքիայի չեզոք դիրքորոշումն անհրաժեշտ է նախևառաջ առանցքի երկրներին, քան Անգլիային: Նման կերպ թուրքերը գերմանական կողմին հասկացնում էին, որ նախընտրում են իրենց, սակայն դեռևս պատրաստ չեն հրաժարվել չեզոքությունից: Այդ տարիներին Թուրքիայի կառավարությունը գտնվում էր Գերմանիայի ազդեցության տակ և անհամբեր սպասում էր վերջինիս հաղթանակին:

Փաստացի մինչև 1941թ. դեկտեմբերը պաշտոնական Անկարան ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները կառուցում էր` վստահ լինելով վերջինիս պարտության վրա, ինչպես նաև կանխատեսում էր Անգլիայի և Գերմանիայի միջև դաշինքի կնքման հավանականությունը: Սակայն երկու կարևոր իրադարձություն, ստիպեց Թուրքիայի կառավարությանը վերանայել իր տեսակետը. առաջինը Մոսկվայի մատույցներում գերմանական զորքերի պարտությունն էր, երկրորդը` ԱՄՆ պատերազմի մեջ մտնելը: 1942թ. իրավիճակն էլ ավելի էր լարվել, քանի որ Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև ծագել էին նոր խնդիրներ:

Դեռևս 1942թ. հունվարին Ի.Ինյոնյուի հետ հանդիպման ժամանակ ֆոն Պապենը ցանկություն էր հայտնել Գերմանիայի ծրագրած «Կովկասյան արշավանքի» ժամանակ խորհրդային սահմանի մոտ տեսնել թուրքական զինված ուժերին: Ավելի ուշ Պապենը հաղորդել է Բեռլին. «Թուրքիայի զինված ուժերի շտաբը քննարկել է այդ հարցը և նպատակ ունի դա դիտել մեզ համար բարենպաստ ուղղությամբ»: 1942թ. մարտին Հիտլերը Իտալիայի վարչապետ Բ.Մուսոլինիին տեղեկացրել է, որ Թուրքիան չնայած դանդաղ, սակայն մոտենում է առանցքի երկրներին: Դրան հիմնականում նպաստում է թուրքերի և ռուսների միջև եղած թշնամությունը: Ըստ նրա` Թուրքիան երբեք չի լինի առանցքի երկրների թշնամին:

Գերմանիայի քաղաքական շրջանակների կանխատեսումները մոտ էին իրականությանը: 1942թ. ամռանը, երբ խորհրդային բանակը բոլոր ռազմաճակատներում պարտություն էր կրում, Թուրքիայում ձևավորվում էր բոլշևիզմի դեմ «խաչակրաց արշավանք» կազմակերպելու գաղափարը: Գերմանական փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Թուրքիան ծրագրել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել Կովկասի ուղղությամբ՝ Բաքուն գրավելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 1942թ. թուրքական բանակի թիվը հասնում էր 1 միլիոնի, որից 750 հազապ զինվոր տեղակայված էր խորհրդային սահմանի մոտ: Նրանք սպասում էին Ստալինգրադի անկմանը` Անդրկովկաս ներխուժելու համար։ Սա փաստացի հայության համար կնշանակեր նոր ցեղասպանություն, որը կանխվեց բացառապես այն բանի շնորհիվ, որ գերմանական ուժերը Ստալինգրադում պարտություն կրեցին։

Դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հասկանում էին ստեղծված իրավիճակի լրջությունը և ամեն կերպ ցանկանում էին կասեցնել Թուրքիայի միացումը գերմանական դաշինքին: Պաշտոնական Անկարային հասկացնում էին, որ դաշնակիցների հաղթանակի դեպքում Թուրքիան կկորցնի տարածքների մեծ մասը, նույնիսկ իր վրա դրված նեղուցների վերահսկողությունը: Արդյունքում՝ 1942թ. նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ի.Ինյոնյուն, բացելով մեջլիսի նիստը, հայտարարեց, որ նախկինի պես Թուրքիան շարունակելու է վարել չեզոքության քաղաքականություն: Մինչդեռ Թուրքիան այդ կերպ փորձում էր ընդամենը ժամանակ շահել և իրադարձությունների ընթացքից որոշել հետագա գործողությունները:

1942թ. վերջին Թուրքիայում կասկածներ էին առաջացել, որ պատերազմը կավարտվի Գերմանիայի հաղթանակով: Ստամբուլում վերջինիս հյուպատոսը հեռագրել էր Բեռլին` հաղորդելով, որ Թուրքիան նախկինի պես ցանկանում է, որ Գերմանիան պարտության մատնի ԽՍՀՄ-ին, միայն թե Անկարային անհանգստացնում է, որ գերմանացիների ուժերը չեն բավարարի ռուսներին հաղթելու համար: Ավելի ուշ՝ 1943թ. սկզբներին, Ստալինգրադում գերմանական բանակի ջախջախիչ պարտությունը ստիպեց Թուրքիային փոխել իր քաղաքականությունը, չնայած, ինչպես և սպասվում էր, խորհրդա-թուրքական հարաբերություններում բարելավում չնկատվեց: Ընդհակառակը, Թուրքիայում աշխուժանում էին պանթյուրքիստական ուժերը, որոնց գործունեությունն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ:

1944թ. գարնանը, երբ խորհրդային բանակը մոտեցել էր Ռումինիայի սահմանին, Չերչիլը կրկին փորձում է Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ: Վերջինս, սակայն, չի շտապում նման քայլ կատարել և միայն 1944թ. օգոստոսի 2-ին, այն էլ` Հյուսիսային Ֆրանսիայում երկրորդ ճակատի բացումից երկու ամիս անց է հայտարարում, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական կապերը Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ: Չնայած դրան, Թուրքիան 1944թ. էլ իր մեջ ուժ չգտավ վերջիններիս պատերազմ հայտարարել:

Ստալինգրադի ճակատամարտից հետո Թուրքիան ստիպված էր վերանայել իր քաղաքական պահվածքը, բայց ԽՍՀՄ-ի հանդեպ վերաբերմունքը չի փոխում: Անկարան միայն 1944թ. է փորձում վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Մոսկվայի հետ, և այդ ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկում: Նախևառաջ ամռանն աշխատանքից հեռացվում են քաղաքական և զինվորական այն գործիչները, ովքեր համագործակցում էին գերմանացիների հետ. վերջիններիս թվում էր նաև երկրի զինված ուժերի շտաբի պետ Ֆ.Չաքմաքը։ Ձերբակալվում է ԽՍՀՄ-ի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու կոչով հանդես եկած պանթյուրքիստական 23 գործիչ, ազատ են արձակվում Գերմանիայի դեսպան ֆոն Պապենի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտված ԽՍՀՄ քաղաքացիներ Պավլովը և Կորնիլովը: 1944թ. մայիսի 19-ի իր ելույթում Թուրքիայի նախագահ Ի.Ինյոնյուն դատապարտում է պանթյուրքիստներին և հիշեցնում, որ օտարերկրյա զավթիչների դեմ պատերազմում իրենց միակ դաշնակիցը եղել է խորհրդային պետությունը:

Այդ հայտարարությունից երեք օր անց Թուրքիայի արտգործնախարար Ն.Մենեմենջօղլուն Անկարայում ԽՍՀՄ դեսպան Ս.Վինոգրադովի հետ հանդիպման ժամանակ կարևորում է երկու պետությունների հարաբերությունների ջերմացման անհրաժեշտությունը: Մայիսի 27-ին Խորհրդային Միությունում Թուրքիայի դեսպան Ջ.Աչըքալըն է իր կառավարության անունից Մոսկվային այս հարցի առնչությամբ բանավոր առաջարկ անում: Սակայն խորհրդային կառավարությունը չէր պատրաստվում ընդառաջ գնալ Անկարային, քանի դեռ վերջինս չէր խզել հարաբերությունները Գերմանիայի հետ: Անգլիայի ճնշման տակ, ինչպես ասվեց, 1944թ. օգոստոսի 2-ին Թուրքիան ստիպված էր գնալ այդ քայլին: Ամեն դեպքում նկատենք, որ դեսպան ֆոն Պապենի վկայությամբ, Ի.Ինյոնյուն 1944թ. ամռանը Գերմանիայի և Անգլիայի մերձեցման մի վերջին փորձն է արել:

Թուրքիան, չնայած դաշնակից պետությունների անընդմեջ պահանջին, 1945թ. հունվարին դեռևս պատերազմ չէր հայտարարել առանցքի երկրներին: Երբ 1945 թվականի փետրվարի 4-11-ը կայացած Ղրիմի խորհրդաժողովում քննարկվում էր Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ) երկրների անդամակցության հարցը, և որոշվել էր հիմնական անդամներ ընդունել Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարած երկրներին, Ու.Չերչիլի պնդմամբ Ի.Ստալինը համաձայնել է Թուրքիան ևս ընդգրկել ՄԱԿ հիմնական անդամների կազմում` Անկարայից պահանջելով մինչև 1945թ. փետրվարի վերջը պատերազմ հայտարարել առանցքի երկրներին: Արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ճնշմամբ Թուրքիան 1945թ. փետրվարի 23-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային` ռազմաճակատ չուղարկելով և ոչ մի զինվոր:
Թուրքիան այս քայլով հնարավորություն ստացավ դառնալ ՄԱԿ անդամ և օգտվել արևմտյան երկրների հովանավորությունից, սակայն այդպես էլ չկարողացավ մեղմել ԽՍՀՄ զայրույթը և բացասական վերաբերմունքը պատերազմի տարիներին վարած հակախորհրդային քաղաքականության համար:

Այսպիսով Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խախտելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները և պայմանագրերը՝ չեզոքության քողի տակ վարեց երկակի խաղ: Թուրքիայի իշխանությունները նախընտրություն էին տալիս Գերմանիային, քանի որ վերջինիս հաղթանակները հնարավորություն կտային թուրքերին իրականացնել իրենց պանթյուրքիստական ծավալապաշտական ծրագրերը։

Հիմնականում Թուրքիան հավակնություններ ուներ ԽՍՀՄ-ում թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքների և Կովկասի նկատմամբ: Դա բացահայտ սպառնալիք էր Խորհրդային Հայաստանի համար, և միայն Ստալինգրադի ու Կուրսկի ճակատամարտերում խորհրդային բանակի հաղթանակները կանխեցին Թուրքիայի հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնելու ծրագիրը:























Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild

Ձեզ գուցե հետաքրքրի