«Կլինեն մարդիկ, ովքեր առաջին տիկնոջ շորտը, կերակուր պատրաստելը բացասական կգնահատեն, և անպայման կլինեն մարդիկ, ում շատ դուր կգա։ Կարող ենք ասել, որ Աննա Հակոբյանը իր «լեվլի» մեջ փոքրիկ շոու է կազմակերպել շորտերով, բոթասներով, գոգնոցով, և իր հիմար վիճակով»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով վարչապետի տիկնոջ հրապարակած նկարներին։
Նշենք, որ նա երեկ հրապարակել էր նկարներ, որտեղ կարճ շորտով և սպորտային կոշիկներով խոհանոցում ինչ-որ բան էր պատրաստում, իսկ օրեր առաջ էլ նման հագուստով երեխաների և ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ գնացել էր թանգարան։
«Քննադատությունը, որ մենք ասում ենք՝ Ազգային պատկերասրահում, նման կեցվածքով չի կարելի լինեն, հանրության ո՞ր տոկոսի համար է ընդունելի ու հասկանալի։ Համոզված եմ՝ հանրության մեծ մասը հենց այդպես էլ անում է, և Աննա Հակոբյանին պատկերասրահում եղած գործերն ու կտավները չեն հետաքրքրել, այլ գնացել է սելֆի անելու, որ հանրության մոտ ստեղծի այդ տպավորությունը, որովհետև արվեստի հետ շփումը չի բերում նման պրիմիտիվ և հոգեբանական առումով խոցելի արտահայտման»։
Հոգեբանի խոսքով՝ վարչապետն ու իր ընտանիքի անդամները ժողովրդի ամենացածր խավին ներկայացնում են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ իրենք նրանցից մեկն են։
«Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը բավարար գումարներ չունի՞ ատամները սարքելու համար, բայց այսօրվա դրությամբ ազգի բավականին ստվար զանգված այդ կերպարն ունի, և վարչապետն էլ այդ կերպարով ման է գալիս։ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով հայելային արտապատկերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զանգվածի, ում ատամները սարքած չի, ով փողոցում խորոված է ուտում, ով շորտերով թանգարան ու պատկերասրահ է գնում, կուկուրուզ է ուտում։ Այս 5 տավա մեջ բազում նման միջադեպեր են եղել, ինչը դարձել է քննարկման առարկա։ Այդ խուժանությունները, որ արվում են, արվում է իրենց ընտրազանգվածի համար, իսկ իրենց ընտրազանգվածը կիրթ չէ, կարդացած չէ։ Ինքը ցիտում է Կարգին Հայկոյին, ոչ թե Պլատոնին»։
Մադաթյանը նշեց, որ զարմանալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանար կոստյումով, ու այդ կոստյումն իր վրա չնստեր այնպես, ոնց որ մի կերպ վրան քաշած, ինչպես վերջին տարիների է հագնում։
«Ես ինձ թույլ չեմ տալիս իր պես հագնված փողոց դուրս գալ, չնայած ես երկրի վարչապետ չեմ»,-եզրափակեց հոգեբանը։