Երևանում կառուցվում է հերթական հավելյալ հարկը հին շինության տանիքին։ Այս անգամ հավելյալ հարկը կառուցվում է Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 39 հասցեում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի դիմացի շենքում։
Oragir.News-ի հետ զրույցում շենքի բնակիչներն ասացին, որ հինգերորդ հարկի հարևաններն են շինարարությունը սկսել։ Բնակիչներից մեկը նշեց, որ մեկ կամ մեկ ու կես տարի առաջ հինգերորդ հարկի հարևանները համաձայնություն ստանալու համար եկել են և շինարարություն սկսելու համար հարևաններից ստորագրություն են հավաքել։
Բնակիչները նշեցին, որ հինգերորդ հարկի հարևաններն ասել էին նրանց, որ կառուցելու են կտուր, բայց ինչպես երևում է կառուցում են բնակելի տարածք։ Բնակիչներն ասացին, որ ստորագրել են, բայց նաև զգուշացրել են, որ շենքի հիմքերը լավը չեն, անպայման պետք է սեյսմիկ ծառայությունից մասնագետներ բերել։
«Սեյսմիկ ծառայությունից երկու հոգի եկան, որոնք էլ ասացին, որ եթե մինչև հիմա ոչ մի բան չի եղել, ուրեմն հիմա էլ ոչ մի բան չի կարող լինել։ Մենք ուզեցինք իրենցից ինչ-որ թուղթ, որ ինչ-որ խնդիր լինելու դեպքում այդ թղթով գնանք իրենց մոտ, բայց մեզ ասացին, որ նման թուղթ չեն տրամադրում։ Այսինքն, եթե հիմա ինչ-որ բան եղավ ու ես գնացի իրենց մոտ, ասելու են, որ նման բան չեն ասել»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Պարզվում է, որ քաղաքապետարանը տեղյակ է հերթական շինարարության մասին և տրամադրել է թույլտվություն շինարարությունը սկսելու համար, սակայն ինչպես նշեցին բնակիչները, ոչ քաղաքապետարանն է հետևողական, ոչ էլ թաղապետարանը։ Բնակիչները նաև նշեցին, որ ոչ միայն փչանում է շենքի արտաքին տեսքը և թուլանում են պատերը, այլ նաև ընկնում են տների արժեքները։
«Այստեղ մի շատ վատ բան եղավ, մեր շենքի ծածկը իրենք հանեցին մեր մասը ու նոր հաստ բետոն լցրեցին, ու ամբողջ մեր պատերը մանր-մունր ճաքեց։ Մենք բանավոր պայմանավորվածություն ունեինք իրենց հետ, որ փոքր բան են սարքելու, բայց սարքեցին մեծը։ Ավելի մեծ էր, հիմա մի քիչ կարճեցրել են։
Մենք շենքի համար ենք անհանգիստ։ Մեր շենքը այն միակ շենքերից էր, որ ինչ-որ արտաքին փոփոխության չէր ենթարկվել։ Մի քանի անգամ գրել ենք քաղաքապետարանին և թաղապետարանին, բայց ասսում են, որ օրինական է»,- ասացին բնակիչները։
Մանրամասն՝ տեսանյութում։