copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 23:15 05-07-2023

Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, նախագահի քայլերով էլ ես չեմ տեսնում Արցախի փրկությունը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահին ուղված նամակին, ասել է. «Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինից պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը:

Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված: Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել»։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ինքը ԱԺ նիստի ժամանակ արդեն հնարավորություն ունեցել է իր կարծիքը ուղիղ ասելու, որը ունեցել է հետևյալ ձևակերպումը. «Հայաստանի վարվող քաղաքականությանը պետք է հակադրվեն Արցախի իշխանությունները, մասնավորապես, նախագահը և հնարավորություն պետք է ինքը ունենա՝ ստեղծված իրավիճակում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու և Արցախը փրկելու քաղաքականություն վարելու»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի իշխանությունները հակաարցախյան և հակահայկական քաղաքականություն են վարում։ «Այս ամենի ֆոնին Արցախի նախագահը պետք է նախ կարողանա հակադրվել Հայաստանի իշխանություններին և եթե դրա արդյունքում կարողանա ստիպել, հակադրել, համոզել, հորդորել ավելի լավ, բայց եթե այդ գործիքները նա չունի և իր մոտ դա չի ստացվում, հետևաբար ինքը պետք է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերն իրականացնի և քաղաքականություն վարի Արցախը փրկելու ուղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով Արցախի նախագահի նամակից՝ Հակոբյանն ասաց. «Արցախի նախագահը պետք է կարողանա մեր դաշնակից երկրի հետ, որն այսօր այստեղ փաստացի խաղաղապահ առաքելություն է իրականացնում, այդ երկրի իշխանությունների հետ նաև հարաբերություններ ունենալ։ Այն, թե դա ինչ ճանապարհով պիտի աներ, նամակ գրեր, ուղիղ կապ ունենար, ինքը պետք է որոշի, չափի բոլոր ռիսկերը, բոլոր հնարավոր դրական և բացասական ելքերը»։

Հակոբյանը նշեց, որ իրենք չեն կարող ասել, որ սա պետք է արվեր, իսկ այն՝ ոչ. «Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Արցախի նախագահը մեծ վախ ունի Հայաստանի վարչապետից և այս իրավիճակում, երբ Արցախը վտանգված է, այս վիճակում ինքը այդ կամային հատկությունները չունի, որ հակադրվի իշխանություններին, փորձի ինչ-որ պարտադրանք ներկայացնել»։

Հակոբյանը ցավով նկատեց, որ իրենք նամակի գոյության մասին մամուլից են իմացել. «Ես չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ նամակ է, որ ասեմ՝ տեղին է, թե ոչ։ Ես չունեմ կարծիք իր արած քայլի նկատմամբ, որովհետև քայլերի արդյունքում չեմ տեսնում Արցախի փրկությունը։ Այս նախագահի քայլերի արդյունքում ես չեմ տեսնում Արցախի փրկությունը և ի վերջո ես չգիտեմ նամակի բովանդակությունը, ինչպես գնահատական տամ դրան»,- եզրափակեց Հակոբյանը։