Երևան +21°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:00 03-07-2023

Եթե դատավորներն իրենց բողոքը չարտահայտեն, նույնն իրենց հետ է լինելու․ թողնելու են միայն վնգստացողներին

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ այսօր դադարեցվեցին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Oragir.News-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ այս ամենի նպատակը միակն է՝ անկախ համարձակ և բարձր իրավագիտակցություն ունեցող դատավորներից ձերբազատվել։

«Բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար, նպատակները չեմ հասկանում, վստահեցնում եմ՝ մի օր գալու է, և Դավիթ Հարությունյանը կրկին վերականգնվելու է իր պաշտոնում, իսկ այսօրվա դատավորները, որ այսօր դադարեցրին իրենց լիազորությունները, նրանցից ինչ-որ մեկը ընկելու է իրական արդարադատության ձեռքն ու դատվելու է, ընդ որում՝ ենթադրում եմ, որ դատավորներից մեկը կարող է լինել հենց Դավիթ Հարությունյանը։ Վստահեցնում եմ, որ Դավիթ Հարությունյանից նույնիսկ այս պայմաններում, երբ Դավիթին նեղացրել են, իրենք կարող են ակնկալել արդարացի և ազնիվ որոշում»։

Նա ընդգծեց, որ վստահ է, որ այս ամենը մի օր շտկվելու է, քանի որ ինքնապաշտպանման բնազդը օրերից մի օր հաղթելու է և ինտենսիվ ռեժիմում է աշխատելու, իսկ այս մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ոնց են իրենք խաղում Հայաստանի Հանրապետության պետության և պետականության ճակատագրի հետ։

«Թվում է՝ ինչ եղավ, 4 դատավորի լիազորություն ապօրինի դադարեցվեց, դրանով կյանքը չավարտվեց, գալու է ինչ-որ պահ, որ նրանք պատասխան են տալու՝ ՀՀ հեղինակությունը միջազգային ատյաններում գցելու համար»։

Վադազարյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին, նա իր ֆեյսբության էջում գրել էր, որ դատավորները նման են մատաղացու գառների, որոնք սպասում են, թե երբ է գալու իրենց հերթը, որպեսզի իրենց ընկերների աչքի առաջ իրենց մորթեն և մատաղ անեն։

«Վստահությունս օր օրի ավելանում է, որ այսօր, հանգիստ նստած, դատավորները չեն պատկերացնում, որ վաղն այս ամենն իրենց տուն է գալու, իրենց դուռն է գալու։ Դատավորներն այսօր միայն իրենց ընկերական շրջապատում են վրդովվում այս իրավիճակի դեմ, բայց հանրային դաշտում իրենց բողոքը չեն արտահայտում։ Գիտե՞ք՝ ինչպես կարող էին իրենց բողոքն արտահայտել, կարող էին անել այն, ինչ արեցին Լեհաստանում, երբ դատավորները հագան պատմուճաններն ու ասացին, որ այսպես չի կարելի շարունակել։ Այսօր 10-20 դատավոր կգտնվի, ովքեր կարող են նման համարձակություն դրսևորել։ Ինչու դուրս չեն գալիս․ պարզ ասեմ՝ վախենում են։ Գուցե գնահատականս շատ խիստ է, ու իմ ընկերները նեղանան, բայց նրանք ուղղակի վախենում են ձայն հանել, մտածում են՝ կարող է ձայն հանեմ՝ օր առաջ իմ հետևից գան, բայց միևնույն է՝ գալու է իրենց հետևից։ Չկա այսօր դատական համակարգում մի դատավոր, որ այս ամենին նորմալ է նայում։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, նրանց չկա մի դատավոր, որ ասի՝ Կարեն ԱՆդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը ճիշտ են անում, որ այսպես են վարվում, բոլորն անվերապահորեն դժգոհ են այս վիճակից, հետևաբար եթե դուք ձայն չեք հանում, հարգելի կոլեգաներ, ուրեմն լավ են անում, ուրեմն դուք արժանի եք սրան։ Գուցե անցա որոշ սահմաններ, բայց եթե դուք չեք պաշտպանում այսօր ձեր կոլեգաներին, ուրեմն վաղն էլ ձեզ ոչ մեկը չի պաշտպաելու։ «Մեր ուժը միասնականության մեջ է» սկզբունքը ոչ ոք չի կասեցրել կամ դադարեցրել, եթե դատավորները իրենց բողոքը չատահայտեն, այս ամենի վերաբերյալ ինչ հիմա անում են, վաղը նույնը նաև մյուսների հետ են անելու ու համակարգում թողնելու են բացառապես վնգստացողներին»։

Հարցին, թե երբևէ ԲԴԽ-ում նման իրավիճակ եղել է արդյոք, նա պատասխանեց․ «Ուզում եմ շատ հստակ ասել ու 1000-ավոր ապացույցներ կարող եմ իմ խոսքերի ներկայացնել, ինձանից պահանջվում էր անել այն, ինչ այսօր անում է Կարեն Անդրեասյանը, ես հրաժարվեցի ու ստացա ամբաստանյալի կարգավիճակ»։

Դիտարկմանը, թե մի կողմից ԲԴԽ-ն դադարեցնում է դատավորների լիազորությունները, մյուս կողմից ԲԴԽ-ն նոր դատավորներ է նշանակում, արդյոք նոր դատավորներով իսկապես հնարավոր է ծանրաբեռնվածության հարցը լուծել, Վարդազարյանը պատասխանեց․ «Հավատացեք մի մարդու, ով աշխատել է դատավոր, ապա դատարանի նախագահ, այնուհետ ԲԴԽ նախագահ և բազմամայա փորձ ունի դատական համակարգում աշխատելու․ պետությունը երբեք չի ցանկանում նվազեցնել դատավորների ծանրաբեռնվածությունը։ Ձևական կարող են գալ, նստել դատավորի կողքին, աղիողորմ արցունք թափել, թե վայ, ինչ ծանրաբեռնված ես, ինչ անմարդկային, սոսկալի պայմաններ են, բայց որ պահին փակում են այդ դատավորի աշխատասենյակի դուռը, այդ պահին մոռանում են դատավորների խնդրի մասին։ Բացարձակ չկա դատավորի ծանրաբեռնվածություն թոթափելու խնդիր»։