Ներքին 2 տարի առաջ - 14:08 27-06-2023

Հիվանդ մարդու խոսքեր են․ Մովսես Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց, որ պատերազմի առաջին օրերին տեղեկություն է ստացել, որ որոշում է կայացվել էվակուացնել Արցախի 7-րդ պաշտպանական շրջանը՝ զորքերը ամբողջ շրջանից դուրս բերելով։ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն փոխանցել են, որ այդ հրամանը տվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Ես կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ, ասացին, որ իսկապես նման որոշում կա։ Ես խոսեցի ԼՂ նախագահի հետ, հետո ՊԲ հրամանատարի հետ, քննարկումներրի արդյունքում ինձ ասվեց, որ դա շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է։ ՊԲ հրամանատարի կողմից ինձ ասվեց, որ Մովսես Հրանտիչն է այդ հրամանը տվել։ Ես ասացի՝ նախ՝ Մովսես Հրանտիչն ի՞նչ գործ ունի այդտեղ, որովհետև դա իր աշխատավայրը չէ։ Արցախի նախագահի հետ խորհրդակցելով, քննարկելով, ի պատիվ իրեն, ինքը որոշում կայացրեց և գնաց տեղում իրադրությունը գնահատելու, որովհետև գնահատականն այն էր, որ եթե չէվակուացվի, ապա զորքն ընկնում է շրջափակման մեջ, Մովսես Հրանտիչն ասում է, որ րոպե առաջ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել։ Ի պատիվ ԼՂ նախագահի՝ ինքը ԼՂ ՊՊԾ և ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի հետ գնաց և տեղում գնահատեց իրավիճակը։ Ճիշտ է, այնտեղ որոշ դիրքային խնդիրներ եղել էին, բայց մինչև այսօր այդ տարածքը ԼՂ վերահսկողության ներքո է․․․»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք նման հրաման եղե՞լ է իր կողմից, թե՞ ոչ։

«Մարդ, որը չգիտի, թե ինչ է բանակը, օրենքները, հրամանները, կարգը, իր ասած խոսքը չեմ կարող մեկնաբանել։ Բոլոր դեպքերում, իր ասածը հանցագործություն է, և այդ դեպքից 2․5 տարի է անցել, եթե նման բան է եղել, ապա պետք է գործ հարուցված լիներ, ինձ ձերբակալեին դավաճանության հոդվածով․․․ Հիվանդ մարդու խոսքեր են։ Օրենք կա, կարգ կա, հո՞ իրենց տան հավաբունը չի, իր նման չեն երկիրը ղեկավարում, ղեկավարման ձևեր կան, մեթոդներ կան, հրամանների տրման կարգ կա սահմանված։ Ես իրավունք չունեի հրաման տալու, որոշում կայացնելու և հրաման տալու իրավասություն չեմ ունեցել»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ մասին բանակի հրամանատարն իրեն զեկուցել է, որ Մովսես Հակոբյանն է այդ մասին իրեն զեկուցել, գեներալն այսպես արձագանքեց․ «Եթե բանակի հրամանատարն է այդպես զեկուցել, ուրեմն նա էլ է հիվանդ, բայց ես վստահ եմ, որ նա հիվանդ չէ»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ռազմական դրության ժամանակ Դուք աշխատավայրում չեք եղել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա․ հարցրինք Մովսես Հակոբյանին․ «Այդ մարդուն ուղարկեք մանկապարտեզ։ Ինքն է ստորագրել՝ ես որտեղ իրավունք ունեմ լինել-չլինել, իմ վերաբերյալ կանոնադրությունն ինքն է հաստատել, այնտեղ գրված է, թե ես որտեղ իրավունք ունեմ լինել։ Եթե իր հաստատածն ինքը չի կարդում, դա վատ է։ Թող կարդա, թե ես երբ, որտեղ իրավունք ունեմ լինել»։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի այս հայտարարությունից հետո հրապարակայնորեն հրավիրեց մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին։ Գեներալ-գնդապետին հարցրինք, թե ինչպես է գնահատում այս հանձնաժողովի աշխատանքները և արդյոք կներկայա՞ հանձնաժողովի նիստին։

«Հրավեր դեռ չեմ ստացել, երբ հրավեր ստանամ, այն ժամանակ կպատասխանեմ։ Բայց ես դրան նախկինում անդրադարձել եմ, չեմ կարծում իմ կարծիքը փոխվի։ Ես չեմ գնալու ցիրկ, մանկահասակությունից վաղուց դուրս եմ եկել, ցիրկ չեմ գնում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է