Հունիսի 24-ին և 25-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում պատմամշակութային միջոցառումներով հարուստ օրեր էին․ կայացավ Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։
Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղերով․ երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում էր բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրոտուրիզմի զարգացմանը։ Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։

Փառատոնն ընթացավ մի քանի ուղղություններով՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի հետաքրքրություններ։ Տաթևի վանքի մոտ տեղի ունեցավ «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների և ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները մասնակցեցին ազգային խաղերի ու պարերի։
Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կայացավ «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։
Իրականացվեց նաև շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն եղավ Հին Խնձորեսկ գյուղ։

«Սարերում» փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «ՏաԹևեր» ճոպանուղին:
«ՏաԹևերն» աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող ծրագրի՝ «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի մի մասն է, որից ստացված շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը։ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը կառավարվում է «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի»-ի կողմից։

«Տաթեւի Վերածնունդ» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են Տաթևի վանքի վերականգնումը, մարզի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթևի զբոսաշրջային ուղղության զարգացումը և տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։