Ներքին 3 տարի առաջ - 20:29 20-06-2023

Ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում՝ պայքարելով շրջափակման հետևանքների դեմ․ Արցախի ՄԻՊ

Արցախ ՄԻՊ-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ․

«Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն արժանացել։

Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի և տեղահանության, ինչպես նաև 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ավելի քան 500,000 հայեր դարձել են փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության և աջակցության չեն արժանացել մինչև այսօր։

2020 թվականի աշնանն ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է Արցախի շուրջ 40 000 քաղաքացիների բռնի տեղահանության, որի հետևանքով մարդիկ կորցրել են իրենց հայրենի տները, հողերը և ունեցվածքը։ Նրանց թվում են մարդիկ, որոնք արդեն երրորդ անգամ են տեղահանվել ադրբեջանական շարունակական ագրեսիայի պատճառով:

Ապաստանելով հիմնականում Արցախի այլ բնակավայրերում և Հայաստանի Հանրապետությունում՝ նրանք պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց էլ շարունակում են բախվել սոցիալ֊հոգեբանական բազմաթիվ խնդիրների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կենսագործունեության գրեթե ամեն քայլափոխի։

Այսօր ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։ Արցախի շրջափակման արդյունքում նրանց համար նախատեսված շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է՝ Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով։ Մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում և հանրակացարաններում։

Շրջափակման հետևանքով Արցախի պետական բյուջեի առջև ծառացած խնդիրների պատճառով Հայաստանում և Արցախում ժամանակավոր կացարանի կարիք ունեցող շուրջ 30 000 բռնի տեղահանված անձինք ժամանակին չեն ստանում բնակարանի վարձի ամսական փոխհատուցումը, ինչի հետևանքով նրանց սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները զգալիորեն վատթարանում են։

Կենսական ենթակառուցվածքների մշտական խաթարման, թերսնման, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների բացակայության, Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգության սպառնալիքների պայմաններում փախստականի և բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջությունն ավելի է վատանում՝ ի հավելումն նրանց արդեն իսկ գոյություն ունեցող հոգեբանական խնդիրների։

Սրանք ընդամենը խնդիրների մի մասն են։ Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների և խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատրաստվում է զեկույց, որը կհրապարակվի առաջիկայում՝ մանրամասն ներկայացնելով առկա բոլոր մարտահրավերները։

Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են