Արարատի ՔՊ-ական համայնքապետը Երասխի գյուղապետին ստիպում է ազատման դիմում գրել
copy image url

Արարատի ՔՊ-ական համայնքապետը Երասխի գյուղապետին ստիպում է ազատման դիմում գրել

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:47 20-06-2023
Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը փորձում է ամեն կերպ ազատվել Երասխ գյուղի վարչական ղեկավար Սարո Այվազյանից։

Արարատի համայնքապետարանի աշխատակիցներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ Երասխի գյուղապետը հարցազրույց է տվել գյուղ ժամանած լրագրողներին, ինչը զայրացրել է Փաշինյանի հրամանով Արարատի համայնքապետի աթոռին նստած Ասլան Ավետսիյանին։

«Գիտեմ, որ Երասխի գյուղապետը լրագրողներին իրավիճակն է ներկայացրել, նաև նշել, որ օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում բարձրացվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները, որին ի դեպ այսօր ականատես եղանք, այսինքն՝ որևէ գաղտնիք չի բացահայտել։

Հիմա դա հիմք է հանդիսացել, որ մեր նիկոլական համայքնապետը այդ մարդուն աշխատանքից ազատի։ Այսօր առավոտյան Ասլան Ավետիսյանն իր մոտ էր կանչել Սարո Այվազյանին, ասել՝ դիմում գրի, ազատվի աշխատանքից, եթե ոչ, ապա գրությունով հեռացնելու եմ աշխատանքից։

Իմացա, որ Երասխի գյուղապետը հրաժարվել է դիմում գրել։ Իմացանք, որ աշխատանքից ազատելու պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե իբր Երասխի գյուղապետին խմած են տեսել, բայց լավատեղյակ մարդիկ պատմեցին, որ շաբաթ օր է եղել, նա էլ առիթի է մասնակցել, մի-երկու բաժակ խմել է, այսինքն՝ աշխատանքային օր ու ժամ չի եղել․․․»,- պատմեց Արարատի համայքնապետարանի մեր աղբյուրը։

Երասխի բնակիչները ևս լսել են այս լուրը և դեմ են, որ իրենց գյուղապետին ազատեն աշխատանքից․ «Սարո Այվազյանը՝ մեր գյուղապետը, ծնվել է Երասխում, ապրում է Երասխում, 90-ականների կռվին մասնակցել է, 2016 թվականի կռվին մասնակցել է, 2020 թվականի կռվին էլ իր 2 տղաների հետ է մասնացկել ու հիմա նման մարդուն ուզում են աշխատանքից ազատեն, թույլ չե՛նք տալու։

Ասլանը թող լավ իմանա, եթե նման բան անի, ապա Երասխի ժողովուրդը գնալու է, վզից բռնի, բերի, նստացնի Երասխում ու ասի՝ դե մեր առօրյայով ապրիր։ Փափուկ տեղը նստել է, հրամաններ է տալիս, այդպես չի կարելի»։

Oragir.News-ը կապ հաստատեց Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանի հետ, սակայն վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, ասաց՝ մեկնաբանություն չունեմ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետսիյանի հետ, սակայն համայնքապետարանից փոխանցեցին, որ Ավետիսյանն այս պահին ժողով է անում վարչական բնակավայրերի ղեկավարների հետ և չի կարող պատասխանել մեր հարցերին։

Ի դեպ, Արարատի համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Երասխի համայքնապետին ազատելու պատճառներից մեկն էլ բոլորովին այլ է, որը հանրայնացնելուց հետո հենց ինքը՝ Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը հրաժեշտ կտա պաշտոնին, ոչ թե Երասխի վարչական ղեկավարը։