Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 20-ին, դռնփակ ռեժիմով շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քնույթունը։
Դավիթ Հարությունյանի վարույթի քննությանը երեկ ներգրավված էր փաստաբան Միքայել Շխիմյանը, այսօր ներգրավվել են ևս երեք փաստաբան՝ Երեմ Սարգսյանը, Լուսինե Մկրտչյանը, Հովհաննես Խուդոյան։
Նշենք որ Միքայել Շխիմյանը, Երեմ Սարգսյանը և Հովհաննես Խուդոյանը քրեական մասնագետներ են, իսկ Լուսինե Մկրտչյանը վարչական մասնագիտացմամբ փաստաբան է։
Խորհրդի անդամներից Արշակ Վարդանյանն ու Նաիրա Հովսեփյանը ինքնաբացարկ են հայտարարել, որովհետև մտերիմ հարաբերություններ ունեին Հարությունյանի հետ։
Այս պահին ԲԴԽ-ի բակում հավաքվել են բազմաթիվ փաստաբաններ, իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ, նախկին դատավորներ, ովքեր այսպես իրենց աջակցությունն են հայտնում Դավիթ Հարությունյանին։
Oragir.News-ի տեղեկություներով՝ նիստը դռնբաց անցկացնելու միջնորդությունը մերժվել է։
Հիշեցնենք, որ երեկվանից ընթանում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդել էր նիստը դռնփակ անցկացնել։ ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը։
Փաստաբաններին և լրագրողներին
թույլ չեն տալիս բարձրանալ ԲԴԽ դահլիճ։
Հարությունյանի նկատմամբ կարգապահական
վարույթ է հարուցվել այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը: