Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:00 16-06-2023

Ալիևը միշտ փորձում է բանակցային սեղանի շուրջ ուժային բաղադրիչ ապահովել

Ադրբեջանական կողմը վերջին օրերին հերթական անգամ լարել է սահմանին տիրող իրավիճակը, մասնավորապես Երասխի և Տեղ գյուղի ուղղությամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ սրացման է գնում բանակցային գործընթացի ժամանակ այն դեպքում, երբ պարբերաբար հայտարարում է, որ ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել և կարագավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ պնդում են, որ Բաքվի հերթական ագրեսիան խրախուսել է ռուսական կողմը՝ կապված հայկական կողմի այն հայտարարությունների հետ, որ ապաշրջափակվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնել են հայ սահմանապահները, ինչպես նաև Մոսկվան դժգոհ է Հայասաստանում եվրոպացի դիտորդների թվի ավելացումից։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի վերջին սադրանքները վերջին ողբերգական պատերազմից հետո զարգացող իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են։ Նա ընդգծում է, որ Ալիևը փորձում է բանակցային սեղանի շուրջ մշտապես ուժային բաղադրիչ ապահովել, ինչով ճնշում է և՛ հայկական կողմի դիվանագիտական ներկայացուցիչներին, և՛ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ։

Ռազմական փորձագետն ափսոսանքով արձանագրում է, որ ռազմական սադրանքի քողի տակ վերջնականապես փակվեց դեպի Արցախ անգամ հումանիտար բեռների տեղափոխումը։ Նրա խոսքով՝ ինչ-որ առումով սադրանքի գլխավոր իմաստը հենց դա էր, որպեսզի նման մի բան տեղի ունենար՝ իբր թե ռազմական սադրանքից ելնելով փակել ճանապարհը և այլևս չբացել։ Նա կարծում է, որ ներկայումս շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, և գնդակը մեծ հաշվով գտնվում է ռուսական կողմում։

«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը արցախահայությանը չի կարողանում կամ չի ցանկանում օգնել։ Բայց այս պահին շատ հետաքրքիր պատային դրության մեջ է հայտնվում նաև ռուսական կողմը, որովհետև անգամ նրա զորախումբն, ըստ էության, հայտնվել է շրջափակման մեջ»,- ասում է նա։

Հակոբյանը նշեց, որ այս պահին կողմերը շնչասպառ նայում են, թե Ուկրաինայում իրավիճակն ինչպես է զարգանում։ Նրա համոզմամբ՝ եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում ընթացող վերջին իրադարձություններում, ապա արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ավելի կմեծանա, իսկ եթե հաղթի կամ պահպանի ոչ ոքի իրավիճակը, դրան զուգահեռ Արցախի շուրջ օղակը կթուլանա կամ էլ ավելի կսեղմվի։

Նա վերահաստատեց, որ այս խնդիրները ազգային, պետականաշինական խորը արմատներ ունեն, և այս պայմաններում անհրաժեշտ է ուժեղ պետություն, ազգային հզոր գաղափարախոսություն ունենալ, ոչ թե ԱԺ ամբիոնից հայտարարել, որ 1991 թվականի մեր պետության հետ Արարատ լեռը կապ չունի։

Հարցին, թե իրատեսակա՞ն են այն պնդումները, որ ռուսական կողմն է խրախուսել Ադրբեջանի ագրեսիան, Մհեր Հակոբյանը քիչ հավանական համարեց։ Փորձագետը նկատեց, որ հակառուսական հայտնի ալիքն առկա է, սակայն ամեն դեպքում ՌԴ-ն նույնպես Արցախում շատ բաներ է կորցնում, իմիջային կորուստ է կրում, և փաստացի եթե այդ ճանպարհը չբացվի, ապա ռուսական 2000 հոգանոց զորախումբը կմնա շրջափակման մեջ։

«Չեմ կարծում, որ ռուսական կողմը խնդիր ունի Ադրբեջանին ոգևորելու։ Ըստ երևույթին՝ այստեղ նաև Էրդողանի դրդումները կային, ով ցանկացավ ցույց տալ, որ ինքն Ադրբեջանում դեռևս խնդիր լուծող է, և Ալիևին լարեց Ռուսաստանի և մեր դեմ։

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ ռուսական կողմը խանդով է վերաբերվում ՀՀ-ում եվրոպացի դիտորդների ներկայությանը, ինչպես նաև Մոսկվային չի կարող դուր գալ հայկական կողմի մի շարք հայտարարություններ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ և այլն։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ռուսաստանն Արցախում իր շահերը ունի, և եթե նա հայկական կողմին հանձնում է թուրք-ադբրեջանական տանդեմին, ապա այդ դեպքում իր շահերն էլ են ոտքի տակ գնում։

«Երեկվա միջադեպը դեռևս մեկնաբանությունների կարիք ունի. մասնավորապես շատ հետաքրքիր է ռուսական կողմի արձագանքը։ Համենայն դեպս, ըստ սովետական գլխավոր շտաբի քարտեզի, որը քննարկել ենք նաև մի քանի մասնագետների հետ, Հակարիի կամուրջի արևմտյան կողմը Հայաստանի Հանրապետության տարածք էր հանդիսանում, իսկ սահմանն անցնում էր գետի մեջտեղով։ Սակայն, ինչպես ասում են, ուժեղի մոտ թույլն է մեղավոր, այդտեղ մի քանի մետրի խնդիր է, և հասկանալի է՝ եթե դու չես դիմադրում, 2021 թվականից սկսած հայտարարում ես, թե ձյունապատ գագաթների համար հո կռիվ չենք տալու, Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չենք տալու, ապա ստեղծված իրավիճակը նման իրավիճակը նման հայտարարությունների հետևանքն է։ Հիմա էլ կասեն՝ կամրջի 10 մետրի համար հո կռիվ չենք տալու»,- նկատեց նա։

Հարցին, թե Հայաստանն իր ուժերով ի վիճակի՞ է իրականացնել ապաշրջափակվող ճանապարհների վերահսկողությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ճանապարհները հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, ինչպես օրինակ՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ մեզ ցանկանում են համառորեն ստիպել, որ մենք մեր ինքնիշխան տարածքի որևէ մասի նկատմամբ ինքնիշխանության որևէ տարրից հրաժարվենք։ Փորձագետը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված է, որ կողմերն ապահովում են ճանապարհով անխոչընդոտ երթևեկությունը, սակայն դա չի նշանակում, որ օրինակ՝ Ադրբեջանը պետք է Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքներից ռազմական փոխադրումներ իրականացնի դեպի Նախիջևան։

Մհեր Հակոբյանը միևնույն ժամանակ նշում է, որ եռակողմ հայտարարությունն ունի նման անորոշ դրույթներ՝ մասնավորապես կապված անխոչընդոտ երթևեկություն ձևակերպման հետ։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանն այնքան կոպտորեն և ցինիկաբար է ոտնահարում եռակողմ հայտարարությունը՝ մասնավորապես միջանցքի և այնտեղ տեղակայված անցակետի հարցում։ «Մենք ունենք այսպես կոչված կարգավորող, որը չի կարողանում նույնիսկ իր հարցերը կարգավորել, երկու օր առաջ մենք տեսանք, որ ռուսական զորախումբը գլուխը կախ կանգնած էր ադրբեջանական հսկիչ անցակետի մոտ, ստուգվում էր, որ անցներ ճանապահը։ Եթե այդ միջանցքը պետք է ռուսները վերահսկեն, այնտեղ ի՞նչ գործ ունի ադրբեջանական զորախումբը, որը պետք է ռուսական զորքերին ստուգի և ասի՝ անցնե՞ն, թե՞ ոչ։ Բազմիցս ասել եմ, որ ռուսական կողմը մեր շահերի զիջման հաշվին համառորեն ձգտում է այստեղ կոնֆլիկտ չունենալ, մինչև տեսնի, թե Ուկրաինայում իրավիճակն ինչպես է հանգուցալուծվում»,- նկատեց նա։

Ռազմական փորձագետը նաև ընդգծեց, որ Ալիևն ալֆա-սամեց մաչոյի կերպարով կարմիր գծեր է անցնում և փոքրացնում է իր մանևրելու տեղը։ Նրա խոսքով՝ ներկայումս Ալիևն իրեն հզոր առաջնորդ է երևակայում, սակայն եթե նա որոշ ժամանակ անց զիջումներ կատարի, պայմանականորեն հեռացնի Բերձորի միջանցքում ստեղծված անցակետը, անմիջապես իմիջային մեծ կորուստ է ունենալու, հետևաբար նա պետք է համառի։ Հակոբյանը նշեց, որ ուկրաինական պատերազմը հավերժ չի տևելու, և մեծ հավանականության աշնանը դեէսկալացիա տեղի կունենա, իսկ դրանցից հետո ռուսական կողմը Ադրբեջանից կպահանջի, որպեսզի վերջնս կատարի իր ստանձնած պարտավորությունները, որն Ալիևի մանևրելու տեղը շատ կփոքրացնի։ Մեր զրուցակիցը նշեց, որ այդ պարագայում, եթե Ալիևը կատարի ռուսական կողմի պահանջը, ապա ստիպված կլինի հեռացնել անցակետը, կամ այն ձևական դարձնե, որից հետո նա իմիջային կորուստ կունենա, իսկ հակառակ դեպքում կբախվի ուկրաինական պատերազմից հետո չարացած Ռուսաստանին, որն իր համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։

Ռազմական փորձագետն ափսոսանք հայտնեց , որ Ալևին դեռևս հաջողվում է դանակի սարյրի վրա մանևրելով խաղալ՝ և՛ եվրոպացիների հետ սիրալիր լինել, և՛ ռուսական կողմի հետ։ Նա նշեց, որ 2025 թվականի մոտենում, իսկ Հայաստանն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել և որևէ կերպ չի օգտագործել այս դադարը՝ պետականաշինության, բանակաշինության համար։ «Մենք 2025 թվականին կկանգնենք գլուխներս կախ միջազգային հանրության աջակցությունը կակնկալենք, կամ մեր հերոս որդիների արյան գնով կվճարենք հինգ տարվա ընթացքում չարված գործերի համար։ Նաև հարց է, որ այդ գինը վճարելուց հետո կկարողանա՞նք թշնամու ագրեսիան կասեցնել, թե՞ ոչ, ամենացավալին սա է»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ եթե ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվի և Հայաստանին հաջողվի ոտքի կանգնել, ապա մեզ կհաջողվի և՛ ադրբեջանական անցակետը վերացնել, և՛ ադրբեջանական ուժերին հեռանել այդ տարածքից։ Նա ափսոսանք հայտնեց, որ մենք ներկայումս պետականաշինության ոլորտում տեղում դոփել ենք, կամ ավելի հետ ենք գնացել։ Նրա խոսքով՝ մարդիկ մտահոգված են բացառապես իրենց առօրյա խնդիրներով և այնքան են ատում նախկին իշխանություններին, որ պատրաստ են հանդուրժել ներկայիս իշխանությանը։

Դավիթ Գույումջյան