Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:54 15-06-2023

Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ։

«Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։

Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։

Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։

Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։

Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին։

Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է