Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:42 13-06-2023

Ոռոգման ջուր չտալու պատճառով ծիրանը լորի ձվի չափ է, առնող չկա․ գյուղացի

«Գյուղացուն հերիք չի՝ չեն օգնում, մի հատ էլ վնաս են տալիս, ոռոգման ջուր չտրամադրելու հետևանքով ծիրանի ամբողջ բերքը վարի է գնացել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչներից մեկը:

Տղամարդու խոսքով՝ ահռելի գումարներ են ծախսել, պարարտանյութ գնել, ոռոգման ջրի գումար վճարել, բայց այս տարի ընդամենը 1 անգամ են ջուր տրամադրել:

Գյուղացիներից մեկ ուրիշն էլ որպես ապացույց նկարել և մեզ է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է ծիրանենիների դեղնած տերևներն ու մանր բերքը. «Վերջին անգամ սեպտեմբերին էինք ջրել, այս տարի էլ կռվով-դավով մայիսի 25-ին նոր ջուր են տվել:

Հիմա ես այս մանր բերքը ո՞ւմ մթերեմ, ո՞վ կառնի: Լորի ձու է, որ ձեռքիս մեջ 2 հատից ավելի չպետք է տեղավորվի, 10-15 հատ է տեղավորվում»:

Արարատի մարզի մի քանի բնակիչներ կոչով դիմեցին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Քերոբյա՜ն, ջրի փողը մուծել ենք, ջուր չեն տվել, ձեր վատ աշխատանքի պատճառով ծիրանը մանր է, առնող չկա: Կարո՞ղ է պատահմամբ այս խնդրին լուծում տաք, հո՞ միայն մեծ-մեծ խոսելով չի, թե՞ մեզ էլ եք առաջարկելու հողերը վաճառել օլիգարխներին ու իրենց մոտ բանվորություն անել»:

Մանրամասն՝ տեսանյութում։