Վիգեն Քոչարյանը «նախկին» չէ, գործիչ է, որին վստահել են և՛ նախկինները, և՛ «հեղափոխական» երկիր հանձնողները
copy image url

Վիգեն Քոչարյանը «նախկին» չէ, գործիչ է, որին վստահել են և՛ նախկինները, և՛ «հեղափոխական» երկիր հանձնողները

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:52 11-06-2023
Վիգեն Քոչարյանին անձամբ ճանաչում եմ երկար տարիներ։ Նրան համարել եմ բավականին բարձր մակարդակի մասնագետ, իրավագիտության ոլորտում։ Սակայն, հատկապես 2018թ․-ից հետո, ինչպես շատերից, այնպես էլ Վիգեն Քոչարյանից ահավոր հիասթափվեցի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի մասին։

Իշխանյանը նկատեց․ «Կարող ես լինել, այսպես ասած, լավ մասնագետ, նաև դասախոս, ուսանողներին ներկայացնել իրավագիտության հիմունքներ, բացատրել, թե ինչ է նշանակում իրավական պետություն, դատաիրավական համակարգի անկախություն, բայց միևնույն ժամանակ՝ լինել հարմարվող, անսկզբունք անձնավորություն»։

Իշխանյանի խոսքով կա մի շարք անհամաձայնություններ Քոչարյանի արտահայտած մտքերին և մատնանշեց միքանիսը։ «Օրինակ, ի՞նչ կարծիքի է Վիգեն Քոչարյանը, որ դիցուք՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ, արդարադատության նախարարը ԲԴԽ է ներկայացնում դատավորին պատասխանատվության ենթարկելու հայց։ Մի՞թե սա գործադիր իշխանության կողմից միջամտություն չէ դատական համակարգին, թեկուզ այն ամրագրված լինի սահմանադրությամբ և արժանացած լինի Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։

Եվ այդ նույն արդարադատության նախարարի հայցով՝ դատավոր Զարուհի Նաշխքարյանի լիազորությունները ԲԴԽ-ն, որի անդամ է Վիգեն Քոչարյանը, կասեցրեց, միայն այն բանի համար, որ նա սեփական կարծիք է ունեցել։

Կամ մի՞թե արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի լիազորությունների մեջ է մտնում դատավորների հավաք կազմակերպել և հանձնարարել բոլոր ատյանի դատարաններին խոսնակներ նշանակել։ Գուցե, մենք անտեղյակ ենք, սա նույնպես Վենետիկի հանձնաժողովի հավանությանն է արժանացել»,- ասաց Իշխանյանը և հավելեց, որ սրանք փաստեր են հայտարարությունների հետ կապված։

Իրավապաշտպանը մի քանի հարց հնչեցրեց՝ ուղղված ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին․ «Ինչպե՞ս է նա վերաբերվում Ջհանգիրյան-Վարդազարյան գաղտնազերծված զրույցին։ Չէ՞ որ այդ զրույցի ժամանակ, Վիգեն Քոչարյանի նախկին շեֆ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ խոսում է նրա ավելի նախկին շեֆի քրեական մեղադրանքի շինծու, պատվիրված լինելու մասին։

Կամ ի՞նչ կարծիք ունի Վիգեն Քոչարյանն իր նոր շեֆ Կարեն Անդրեասյանի մասին, որը իշխող ՔՊ կուսակցության անդամ էր և ազնվանում էր վարչապետի նկարին նայելիս։

Սա՞ է Վիգեն Քոչարյանի կարծիքով իրավական պետություն, իշխանության տարանջատում, անկախ դատական համակարգ հասկացողությունները։ Այս մասի՞ն է Վիգեն Քոչարյանը դասավանդում համալսարանում»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ Դատավորների Եվրոպական միության հայտարարությունը, որին Վիգեն Քոչարանը կողմ չէ, դեռ մի բան էլ մեղմ է։

Հարցրինք Իշխանյանից Դատավորների Եվրոպական միության հայտարարությունում անհամաձայնություն կար նաև ԲԴԽ անդամների ընտրության հետ, որին Քոչարյանը կողմ չէր, իսկ Դուք ի՞նչ կասեք: «Վիգեն Քոչարյանը ԲԴԽ անդամների նշանակման, ներեցեք, «ընտրության» հարցում նշում է, որ այն կատարվում է սահմանադրական օրենքով, որին հավանություն է տվել Վենետիկի հանձնաժողովը։

Միանգամայն ճիշտ է։ Վենետիկի հանձնաժողովի անդամների մտքով չէր անցնի, որ հնարավոր է այնպես կեղծել ընտրությունները, որ արդյունքում պառլամենտում ունենալ երեք հինգերորդ թվով պատգամավորներ։

Կայացած ժողովրդավարական երկրներում, ընտրություններում հաղթող քաղաքական ուժը երջանիկ է լինում, եթե ունենում է բացարձակ մեծամասնություն և ստիպված չի լինում կազմել կոալիցիոն կառավարություն։ Իսկ երեք հինգերորդը տրամաբանորեն նշանակում է՝ ընտրությանը ընդդիմության մասնակցություն, որն ապահովում է ԲԴԽ անդամի որոշակի անկախությունը։

Եվ ընդհանրապես, Վենետիկի հանձնաժողովը արդարադատության Աստվածը չէ։ Երբ 2019-20թթ․ հակասահմանադրական ճանապարհով կազմաքանդվում էր Սահմանադրական դատարանը, նույն Վենետիկի հանձնաժողովի անդամներն ասացին․ «Եթե այդպես է ուզում Հայաստանի հասարակությունը, մենք ոչինչ չենք կարող անել»։

Իմ կողմից պնդեմ, որ ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամների ընտրությունը ձևական բնույթ է կրում, քանի որ նրանք արդեն իրենց հավատարմությունն են հայտնել վարչապետ կոչեցյալին և նրա կողմից նշանակվել, այդ թվում՝ Վիգեն Քոչարյանը»,- ասաց նա։

Խոսելով Վիգեն Քոչարյանի անցած ուղղուց՝ Իշխանյանը ցավով արձանագրեց․ «Նայում ես Վիգեն Քոչարյանի կենսագրությունը և պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նա 1999-2003թթ․ եղել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամ, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, 2015-18թթ․ արդարադատության փոխնախարար, 2019թ․ արդեն հեղափոխական բռնապետիկի կողմից նշանակվել է ԲԴԽ անդամ։

Իհարկե, Վիգեն Քոչարյանը «նախկին» չէ, հարմարվող չէ, այլ սկզբունքային գործիչ, որին վստահել են և նախկինները, և «հեղափոխական» երկիր հանձնողները։

Ենթադրում եմ, որ Վիգեն Քոչարյան իրավաբանը, համաձայն է Դատարանների Եվրոպական Միության հայտարարության հետ, բայց որպես պաշտոնյա, ԲԴԽ անդամ, նա պարտավոր է հերքել հայտարարության մեջ եղած փաստերը, հակառակ դեպքում նրան կամ նրա մերձավորներին քրեական մեղադրանք կառաջադրվի, ինչպես Ռուբեն Վարդազարյանի դեպքում և հաջողություն պաշտոն, բարձր աշխատավարձ, արտոնություններ»։

Ամենից շատ դիտված