copy image url
Խոսք Ներքին 10 ամիս առաջ - 22:33 29-05-2023

Նոր շարժման անդամները կլինեն հետևողական

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ:

Oragir.News-ը շարժման գաղափարների, հանրության կողմից եղած արձագանքների վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, վարչապետի վերջերս արած հայտարարությունների շուրջ զրուցել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

-Վարչապետն անընդհատ նշում է, որ արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է, բայց ինչ եք կարծում՝ կարո՞ղ ենք մեր երկրում ապրել խաղաղ մի հարևանի հետ, ով անընդհատ նոր պահանջներ է դնում, պահանջում, որ Արցախը չունենա իշխանություն, կառավարող համակարգ։

-Երեկ՝ մայիսի 28-ին, վարչապետ կոչեցյալն իր ելույթում նորից խոսեց իր պատկերացրած «խաղաղության» մասին, իրականում իր տերերին ևս մեկ անգամ հավաստիացրեց իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին։ Խոսել մայիսի 28-ին «խաղաղության» մասին կարող է կա՛մ տգետը, կա՛մ հատուկ հանձնարարություններով գործակալը։ Ի վերջո, մայիսի 28-ին հաղթեց հայ ժողովրդի այն հատվածի կամքը, որը հասկանում էր, որ թշնամու նպատակը հայ տարրին տարածաշրջանից վերացնելն է։ Եթե այն ժամանակ հաղթեր այսօրվա «խաղաղասերների» հայեցակարգը, այսօր Հայաստան ուղղակի չէր լինի։ Ի դեպ, այն ժամանակ նույնպես կային նման «խաղաղասերներ», որոնք դեմ էին ինքնապաշտպանությանը և հույսը դնում էին թշնամու բարի կամքի վրա։ Նույնիսկ նրանք ցույցեր էին կազմակերպում ընդդեմ ինքնապաշտպանության։ Բարեբախտաբար, այն ժամանակ կար Արամ Մանուկյան, ում հրամանով չեզոքացվեցին նման «խաղաղասերները», և տեղի ունեցավ հայոց հրաշքը։ Իր ելույթում վարչապետ կոչեցյալը քննադատեց Առաջին հանրապետության ղեկավարությանը, որ չեն կարողացել հարևանների հետ խաղաղություն հաստատել։ Այսինքն, Հայաստանը պետք է մնար Թուրքիայի կողմից ճանաչված 10 000 քառ․ կմ «կադաստրային» տարածքում՝ առանց Լոռի, առանց Սյունիք։ Առաջին հանրապետության ղեկավարությունն, իհարկե, սխալներ է ունեցել՝ առաջին հերթին հույսը դնելով Արևմուտքի՝ Անտանտի վրա։ Եթե Առաջին հանրապետության սխալները, թող ներեն ինձ, անփորձության հետևանք էր, ապա այսօրվանը՝ դավաճանության։ Ուրիշ ի՞նչ խոսք գտնես այն վարչախմբի համար, որը պատրաստ է զոհաբերել արցախցի իր հայրենակիցներին։ Իմ տպավորությամբ՝ վարչապետ կոչեցյալն իր տերերին խոստացել է հանձնել Արցախը՝ փոխարենը Հայաստանում ստանալով հավերժ իշխանություն։ Եվ նրա համար անսպասելի է, Ադրբեջանի իր բարեկիրթ գործընկեր նախագահի անվերջ տարածքային պահանջները, ընդհուպ ողջ Հայաստանը՝ այն անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Եվ համոզված եղեք, որ նա կհասնի իր նպատակին, եթե շուտափույթ չվռնդենք դավաճան իշխանությանը։ Երեկ՝ մայիսի 28-ին՝ մեր թիվ մեկ տոնին, ևս մեկ նվաստացման ականատես եղանք։ Նախ՝ որքան ինձ հայտնի է, ոչ մի այլ պետության ղեկավար չշնորհավորեց մեր տոնը, փոխարենը բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ Ադրբեջանի նախագահը։ Սա ցույց է տալիս Հայաստանի գահավիժած վարկանիշը։ Եվ այս ֆոնին վարչապետ կոչեցյալը շնորհավորում է Թուրքիայում ընտրություններում հաղթած, Ադրբեջանի դաշնակից, նրան Բայրաքթարներ մատակարարող, Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակած նախագահին։ Այսօր նույնպես վարչապետ կոչեցյալը խոսել է «խաղաղության» մասին՝ դրա որպես միակ երաշխիք համարելով բարիդրացիական հարաբերությունները հարևանների հետ, նվաստացնելով բանակի դերը։ Նույնիսկ համեմատաբար խաղաղ Եվրոպան այսօր անորոշության մեջ է։ Բացի ռուս-ուկրաինական պատերազմից, որի արդյունքներն անհասկանալի ապագա են խոստանում բարեկեցիկ Եվրոպայի համար, Լեհաստանը նկրտումներ ունի, ինչպես Ուկրաինայի, Բելառուսի, այնպես էլ Գերմանիայի նկատմամբ։ Իսկ մեր տարածաշրջանի մասին էլ չխոսենք։ Իրական խաղաղության 100%-անոց երաշխիք չկա և ապագայում չի լինի։ Խաղաղության ամենաարդյունավետ երաշխիքներն են միջուկային զենքը, ուժեղ բանակը և հուսալի դաշնակիցները։ Առաջինը մենք չունեինք, երկրորդն ու երրորդը այս իշխանությունները զրոյացրին։

-Երեկ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Պարո՛ն Իշխանյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, ապրելու և առաջ շարժվելու մեր կամքը․ ըստ Փաշինյանի՝ այդպես է։ Տեղին համարո՞ւմ եք նման մրցաշարերի անցկացումը նման պայմաններում, երբ մեր երկիրը գտնվում է բավականին ծանր վիճակում։

-Այդ «Վարչապետի գավաթ» մրցաշարի իմաստային բանալին նրա անվանումն է։ Այն պետք է դիտարկել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը», վարչապետ կոչեցյալի արձանի տեղադրման, տարբեր տատիկ-պապիկների օրհնությունների համատեքստում։ Սա տիպիկ բռնապետական հերթական դրսևորումն է, վարչապետ կոչեցյալը Հայատանը համարում է իր սեփականությունը, երկրի բյուջեն՝ իր ընտանեկանը, այստեղից էլ գալիս է մրցաշարի անվանումը, ոչ թե «Հանրապետության», այլ՝ «իմ անձնական գավաթ»։ Եվ այդ կեղծ մրցաշարը նրա համար առիթ է՝ ևս մեկ անգամ ճառելու և իր «խաղաղասիրական» քարոզչությունը տանելու համար։

-Պարո՛ն Իշխանյան, ի՞նչ կտա այս նոր շարժումը, ինչո՞վ է տարբերվելու նախորդներից, ի՞նչ գիծ է տանելու, պայքարի ռազմավարություն, օրակարգ ունի՞, թե՞ ոչ, որն է հաջողության բանալին, ի՞նչ հանրային արձագանքներ եղան։

- 2020 թ․ նվաստացուցիչ պարտությունից հետո մի քանի նախաձեռնություններ եղան՝ «Հայրենիքի փրկության կոմիտե», «Դիմադրություն»՝ պարտության պատասխանատու և խորհրդանիշ իշխանությանը հեռացնելու համար։ Ցավոք, բոլորը անհաջողության մատնվեցին։ Այսօր, իմ համոզմամբ, շատ ենք ուշացել։ Վարչապետ կոչեցյալը պատրաստվում է «խաղաղության» անվան տակ ստորագրել հերթական ստորացուցիչ փաստաթուղթը՝ հանձնելով Արցախը և Հայաստանի տարածքներ։ Եվ, այո՛, ուշացած երեկ հռչակվեց «Մայր Հայաստան» շարժումը։ Այս շարժումը նախորդներից տարբերվում է առաջին հերթին՝ ոչ կուսակցական լինելով, իհարկե չբացառելով անհատ կուսակցականների, ինչպես նաև որևէ կուսակցության ներկայացուցիչի անդամակցությունը։ Ինքս մեծ հույսեր ունեմ, որ շարժումը ոչ միայն կհամագործակցի այլ միավորումների հետ, այլև կներգրավի բոլորին և ամենակարևորը՝ իր գործողություններում կլինի վճռական։ Շարժումը հրապարակել է իր ծրագիրը, որը կարելի է դիտարկել, որպես ռազմավարական ծրագիր։ Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա այն ամենօրյա կոլեգիալ քննարկումների առարկա է՝ ելնելով հրապարակված ռազմավարությունից։ Ինքս որոշեցի անդամակցել շարժմանը՝ չնայած նախկին տարիներին ունեցած հիասթափություններին։ Նկատի ունեմ «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման, Շուշիի Հռչակագրի մասնակիցների մեծամասնությանը, որոնց անդամը և մասնակիցն եմ եղել։ Հույս ունեմ, որ այս անգամ «Մայր Հայաստան» շարժման անդամներն իրենց համոզմունքներում կլինեն հետևողական և վճռական։ Այլևս ոչ միայն ժամանակը, այլև մեր սերունդները մեզ չեն ների, և «Լավ է ուշ, քան երբեք»։

Ամենից շատ դիտված