copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:09 29-05-2023

«Նեմեսիս» գործողությունը․ հայ դավաճանների հաշվեհարդարը

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության մանրամասները։

«Նեմեսիս» գործողության անքակտելի մաս է կազմում նաև հայ դավաճանների հաշվեհարդարը։ Ի տարբերություն թուրք ոճրագործների՝ այս դեպքում հիմնականում մանրամասներ հայտնի չեն, և դա ունի տրամաբանական բացատրություն։ Թուրք կամ ադրբեջանցի ոճրագործների ոչնչացումն ուղղված էր աշխարհին, դրանով հայ վրիժառուները հաստատում էին արդարադատություն, իսկ հայ դաժավանների սպանությունները ուղղված էին հայ հասարակությանը, և բավական էր պարզապես փաստել, որ դավաճանը ոչնչացված է։ Շատ դեպքերում անգամ անհայտ է, թե ով է իրականացրել գործողությունը, անգամ անհայտ է գործողության իրականացման վայրը։

Հայ դավաճանների հաշվեհարդարը մեծ արձագանք գտավ հայության շրջանում։ Դավաճանությունը հայոց ազգային ամոթն ու խարանն էր, որը կարելի էր մաքրել միայն այդ նույն դավաճանի արյամբ։

Թալեաթին վերացնելուց դեռ 1 տարի առաջ՝ 1920 թվականին, Սողոմոն Թեհլերյանը Կոստանդնուպոլսում վերջ է տվել հայ դավաճան Հարություն Մկրտչյանի կյանքին: Վերջինը Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավարն է եղել, Թալեաթի գործակալը, ում հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել էր հայ մտավորականության 600 ներկայացուցիչ:



Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում թաթախված են եղել նաև այլ դավաճանների անուններ, որոնցից ևս 2-ը ոչնչացվել են «Նեմեսիս»-ի անդամների ձեռքով:
Այսպես, դարձյալ 1920 թվականի մարտի 27-ին 20-ամյա Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։

«Իթթիհատականները անփառունակ պարտություն էին կրել, բայց Վահե Իհսանը առաջվա պես ամբարտավան ու ինքնահավան էր մնացել և արդեն քեմալական կառավարությանն էր ծառայում։ Նա զգում էր, որ իրեն հետապնդում են, զգուշավոր էր դարձել, մատը միշտ գրպանում, ատրճանակի ձգանին էր պահում... Գնդակը կոկորդը խոցեց։ Իհսանը փորձեց ատրճանակը հանել, երկրորդ գնդակը խրվեց թևը։ Զգալով, որ չի կարողանալու դիմադրել, շրջվեց, սկսեց փախչել։



Արշավիրը մի ցատկով հասավ հետևից, կրակեց գլխին, կրծքին, կռնակին և հևասպառ ասաց.

-Ես միայն քեզ չէ, մեր ազգի միջից դավաճանությունն ու ծառայամտությունն եմ ուզում սպանել», - այսպես է նկարագրվում դավաճանի սպանությունը:

Միևնույն 1920 թվականին և դարձյալ Կոստանդնուպոլսում ոչնչացվել է նաև մեկ այլ հայ դավաճան՝ Արշավիր (Արթուր) Յասյանը:

1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանել է հայերին, և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվել են։ Նրա դատավճիռն իրագործել է Արշակ Եզդանյանը:

Պատմությանը հայտնի է ևս 2 դավաճանների հաշվեհարդարը՝ Փոլիս Կարապետի և Զեյթունցի Կարապետի, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։