Ներքին 4 տարի առաջ - 14:07 08-04-2022

Ընտրությունը «նախկին թալանչիների» և «ներկա դավաճանների» միջև է

Ապրիլի 5-ի հանրահավաքից արդեն երկու օր է անցել։ Ու դարձյալ ոչ ոք իշխանությունից չի հեռացել։ Ընդդիմությունը խոստացել էր, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները հեռանան։ Իսկ այս իշխանությունները, ավելի ճիշտ՝ դրա պարագլուխը, հեռանալու փոխարեն վերադառնում է՝ Բրյուսելից, որ կառավարության նիստ վարի։ Իսկ ընդդիմությունը դեռ սպասում է, որ կրիտիկական զանգված հավաքվի հրապարակներում, որպեսզի գնան կողքի հրապարակները շրջափակեն։ Ահա սա է մեր պայքարի ամբողջ ողբերգականությունը։

Մարդիկ դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձևավորած ընդդիմությունն իսկապես ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Իսկ երբ մի որոշ քանակություն դուրս է գալիս՝ վերջին ճիչով հավատալով, որ այս անգամ իսկապես լուրջ են տրամադրված, ընդդիմությունը նրանց մի քանի ժամ զբաղեցնում և ուղարկում է տուն։ Իսկ ո՞րն է պատճառը, որ մարդիկ՝ հոծ զանգվածները, չեն ուզում գալ և հրապարակներում մասնակցել Քոչարյան-Սարգսյան զույգի կազմակերպած հանրահավաքներին։ Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք դեմ են Նիկոլին։ Պատճառը պարզ է՝ նրանք դեմ են նաև Ռոբերտին ու Սերժին։ Նիկոլից զզվում են, բայց Սերժին ու Ռոբերտին էլ տանել չեն կարողանում։ Ու ամեն ինչ մնում է այդպես անորոշ՝ կիսաատելության ու կիսասիրո արանքում։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որքան էլ իրենց համակիրները նրանց հերոսացնեն ու հայրենասիրության բացառիկ օրինակ համարեն նրանց՝ հրապարակում գտնվելը, այդպես էլ չհասկացան մի պարզ ճշմարտություն՝ Նիկոլին ատելը դեռ չի նշանակում իրենց սիրել, քանի որ Նիկոլը իրենց ծնունդն է։ Հետևաբար այս մարդիկ, այն կրիտիկական զանգվածը, որ պետք է փողոց դուրս գա ու դուրս չի գալիս, ոչ Նիկոլ է ուզում, ոչ Ռոբերտ ու Սերժ։ Չի բացառվում՝ հաջորդ օրն իսկ փողոցները լցվեն մարդկանցով, եթե հարթակում չլինեն Ռոբերտը, Սերժն ու դաշնակները։ Բայց այդքանը չեն գիտակցում նախ՝ դաշնակները, հետո՝ Քոչարյանը, վերջում էլ երևի՝ Սերժ Սարգսյանը, որը Քոչարյանի պես էլի թաքուն իշխանության գալու հույսեր է փայփայում։

Այս երեքը՝ Նիկոլը, Սերժը, Քոչարյանը, մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, նրանք իրար են սնում՝ իրար դեմ պայքարելով, իսկ արանքում ժողովուրդն է տուժում, որովհետև ժողովրդին այլընտրանք չեն թողնում՝ կա՛մ «նախկին թալանչիներին» պետք է ընտրես, կա՛մ «ներկա դավաճաններին»։ Իսկ մարդիկ ո՛չ նա են ուզում, ո՛չ նա։ Չնայած որ նրանց ամեն օր համոզում են, որ սա հայրենիքի փրկության խնդիր է, ոչ թե իշխանության գալով՝ թալանածը պահպանելու թաքուն ցանկության։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին