Երևան +28°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:08 29-05-2023

Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով։ Ռասմական փորձագետ Հայկ Նահապետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարություններով Ալիևը տորպեդահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտնի եռակողմ հայտարարությունները և այդ հայտարարություններում նշված կետերը։

«Տրամաբանություն, կողմերի պարտականություն, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որևիցե բան չկա փաստաթղթում, բայց Ալիևը նախանձախնդիր կերպով փորձում է այդ միջանցքը ստանալ»։

Փորձագետը նկատեց. «Սահմանագծման, սահմանազատման գործընթացում Ռուսաստանը, որպես այդ գործին միջնորդ, օժանդակող կողմ, առաջարկում է գլխավոր շտաբում իր գտնվող քարտեզները, Ալիևը տորպեդահարում է Փաշինյանի հետ միասին, 91 թվականի Ալմաթիի հռչակագիրն է հիմք ընդունում և ըստ այդմ այդ սահմաններով պայման է դնում, որ Արցախի բոլոր պետական ինսիտուտները այլևս գոյություն չունենա նախագահից մինչև ՏԻՄ-եր, նախագահին ասում է հանձնվիր իմ հայացողությանը և ողորմածությանը, կվորոշենք, թե հետո ինչ կլինի»։

Ռազմական փորձագետը ընդգծեց, որ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Փաշինյանը ասում է, որ ինքը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս գործընթացները սկսվել են այդ հայտարարությունից հետո։ Նահապետյանը նշեց, որ այս ամենով չեն սահմանափակվելու, անընդհատ նոր պահանջներ են լինելու. «Վերջում էլ, երբ հայկական կողմը չհամաձայնի այդ պահանջներին, ադրբեջանականն ասելու է՝ ուժով եմ վերցնելու»։

Խոսելով Ալիևի նման հայտարարությունների ֆոնին միասնական հայության անելիքներից՝ Նահապետյանն ասաց. «Նախ ինքնապաշտպանությունը շատ վաղուց պետք է նորմալ կազմակերպված լիներ, այսինքն՝ կանխարգելելու ամենավտանգավոր սցենարն, այն է՝ ռազմական ուժով այդ տարածքի գրավումը։

Երկրորդ՝ ինքնորոշման իրավունքին զուգահեռ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերվում են ԱՊՀ երկրների միջև գոյություն ունեցող քարտեզներով, Ալմաթիի հռչակագրով, ապա այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի Հանրապետության տարածքում չէր գտնվում։ Կարծում եմ՝ դիվանագիտական ջանքերը կարելի էր ուղղել ոչ միայն ինքնորոշման իրավունքի կայացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասով այն կարգավիճակը, որը ուներ Ադրբեջանից դուրս»։

Խոսելով մյուս հնարավոր տարբերակից՝ Նահապետյանն ասաց. «Կարելի է նաև հանրաքվե անել և այդ տարածքի քաղաքացիները ընդունեն նախ ՌԴ քաղաքացիություն, որպեսզի գործնականում ոչ թե վերացական և մանիպուլյատիվ, ինչպես Ալիևն ու Փաշինյան Նիկոլն են ասում՝ ապահովեն Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքը, այլ գործնականում»։

Նահապետյանը նշեց, որ այս բոլոր գործընթացների սյուբեկտը Արցախն է, Արցախի ժողովուրդը, իշխանությունները, իրենց օժանդակող ՀՀ քաղաքացիները, արտերկրում ապրող մեր հայրենակիցները։

«Հայաստանն ու օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են և իրենց ազգային պետական շահերը»,- եզրափակեց Նահապետյանը։