Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:16 18-05-2023

Լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Սարսանգի ջրամբարը

Արցախի Հանրապետության 158 օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:
Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմի ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների ի սպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության:

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով:

Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Ջրամբարի ընթացիկ վիճակի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարելի է դիտել Արցախի հանրային հեռուստատեսության վերջին ռեպորտաժը:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետևանքները:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի