Փաշինյանի այցից առաջ Սիսիանում փող են բաժանել որպես օգնություն․ ընդդիմադիրներին չեն տվել
copy image url

Փաշինյանի այցից առաջ Սիսիանում փող են բաժանել որպես օգնություն․ ընդդիմադիրներին չեն տվել

Ներքին 1 տարի առաջ - 09:57 09-05-2023
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս բնակավայրում գյուղացիներին նախորդ շաբաթ 10․000-ական դրամներ են բաժանել։ Գյուղացիներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դա Սիսիանի նորընտիր համայքնապետ Արմեն Հակոբջանյանն է կազմակերպել՝ ՀԿ-ների միջոցով։

Ուշագրավ է, սակայն, որ գումարներն ընտրողաբար են բաժանվել մարդկանց և ոչ բոլորին է բաժին հասել․ «Մոտ 1 շաբաթ առաջ են գումարները փոխանցել, ասացին՝ մի հատ էլ հաջորդ ամսվա մեջ են փոխանցելու։ Զանգել են մարդկանց, ասել՝ ովքեր փաստացի ապրում են գյուղում, իրենց 10․000 դրամ են փոխանցելու, սակայն եղել են մարդիկ, որ երկար տարիներ այս գյուղում են ապրում, բայց իրենց գումար չեն փոխանցել։

Հետաքրքիրն այն է, որ գումար չստացած մարդիկ այս տարի մարտի 26-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին չեն սատարել Փաշինյանի թիմիակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ուստի կարծիքներ են հնչում, որ հենց դա է պատճառը, որ նրաց գումար չեն փոխանցել։ Մարդ կա, որ գյուղում՝ մասնավոր զրույցների ժամանակ ասել է, որ ինքն ընտրել է ՀՀԿ-ին, նրան ևս գումար չեն տրամադրել»։

Oragir.News-ը կապ հաստատեց Սիսիան խոշորացված համայնքի Արևիս բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Սահակյանի հետ, հարցրինք՝ արդյոք մարդկանց գումարներ բաժանվե՞լ են, եթե այո, ապա ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով, սակայն Սահակյանը հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություն տալ․

«Ուզում եք իմանաք, եկեք գյուղ՝ իմացեք։ Ում տվել են, նրանց էլ հարցրեք, նրանցից էլ իմացեք»։

Դիտարկմանը, որ մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ այս գումարները Սիսիանի նորընտիր համայքնապետն է բաժանում, Արևիսի գյուղապետն ասաց, որ մեզ սխալ են տեղեկացրել, բայց կրկին հրաժարվեց ճիշտը փոխանցել։

«Եկեք, տեղում իմացեք, կարող է՝ ես էլ եմ քեզ խաբում, եկեք տեղում ժողովրդից իմացեք»։

Նշենք, որ 1 շաբաթ առաջ մամուլը գրեց, որ մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ և այցին ընդառաջ Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Դավիթ Դանիելյանն ակտիվ շրջում են համայնքներով, հանդիպում բնակիչների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն։