Ներքին 3 տարի առաջ - 22:54 03-05-2023

Պատերազմով անցած ուսուցչի կյանքի դասերը

Աբրահամ Ավագյանը Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցիչ։ Իր օրինակով աշակերտներին ցույց է տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքն ու պահպանել ազգային արժեքները։ Պատմության ուսուցիչը արցախյան 44-օրյա պատերազմին զինվորագրվել է, հիմա անկեղծանում է՝ եթե չգնայի, հետո չէի կարողանալու նայել աշակերտներիս աչքերի մեջ:

«Ցանկացած սերունդ այնպիսին է, ինչպիսին այն դարձնում է ժամանակահատվածն ու միջավայրը։ Մեր կողքին մեծանում է բանիմաց, հետաքրքրասեր, պրպտող սերունդ, որն ինչ-որ չափով անտարբեր է, և որի վզին մենք կապեցինք պարտվածի խարանը։ Իսահակյանը, որը բանաստեղծ լինելուց բացի մեծ մարգարե էր, ասել է․ «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն: Այդ երկու սերունդը եղել է, կա, կլինի միշտ։ Ամենաշատը վախենում եմ, որ պահանջատիրությունն ու վրեժի ցանկությունը իսպառ վերանան նրանց մոտ»»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։

Կառնուտի միջնակարգ դպրոցի ուսուցչի խոսքով՝ ազգայինն ու արժանապատիվն են այն բանալիները, որոնք ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում պահելու են մեր ինքնությունը։



«Սրա ճանապարհն այն է, որ յուրաքանչյուրս մեր տեղում չհեռանանք մեր արմատներից, լինենք այնտեղ, որտեղ հայն ու հայեցին է։ Բայց արդյո՞ք գլոբալացման այս ամենակուլ երախը դա կթողնի։ Արդյո՞ք փողոցում թուրքական լոլիկ վաճառողին կարող ես բացատրել, որ ազգայինը պահել է պետք, փողոցում թուրքական մուղամ լսողին կամ թուրքական շուկայում ջրի ձկից ավելի ազատ զգացողը սա կհասկանա՞․․․ Իրար հանդեպ անհանդուրժող, թուրքի հանդեպ անտարբեր ենք դարձել։ Էլի Իսահակյան գնանք՝ եկել է ոգու սովը․․․»,- շարունակում է ուսուցիչը։

Աբրահամ Ավագյանը, անդրադառնալով աշակերտների տրամադրվածությանը, որոնք համալրելու են ժամկետային զինծառայողների շարքերը, ասում է․ «Մենք ամեն տարի սահման ենք ուղարկում աշակերտներ, ովքեր բոլորիս զինվորներն են։ Ռազմահայրենասիրական ոգին որքան էլ աշխատում ենք բարձր պահել, լավագույն ոգեղեն կրթությունը հենց սահմանին է, 3 մետրից աչքերիդ մեջ նայող թուրքին ատելությամբ ու վրիժառուի հայացքով նայող աչքերիդ մեջ։ Զինվորը այսօր առավել, քան երբևէ, պետք է մարտունակ ու պատրաստված լինի։ Սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամենակարևոր գաղափարը պետք է լինի այն՝ հասկանան` Հայրենիքը դա այն տարածքն է, հանուն որի արժե մեռնել, բայց առավել կարևոր է հանուն այդ տարածքի ու այդ տարածքի վրա ապրելու պատրաստակամությունը։ Հայրենասիրությունը ոչ թե հայրենիքի համար մեռնելն է, այլ այն, որ քո գործողություններից թշնամին մեռնի քո հայրենիքին հավակնելիս»,-ընդգծեց Աբրահամ Ավագյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի