Ներքին 3 տարի առաջ - 10:57 24-04-2023

Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել․ Արցախի ԱԺ նախագահ


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի´ հայրենակիցներ,
Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրագործած ցեղասպանությունն է:

Ամեն տարի այս օրերին առաջադեմ մարդկությունն ու աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է հրեշավոր ոճրագործությունը, ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը:

Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը մեծ հաշվով առայսօր մնում է անպատիժ: Ամենաթողությունը ոճրագործին մղել է նոր հանցավոր գործելաոճի: Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ցեղասպանական նոր ծրագիր է մշակել: Այդ գաղափարախոսության վերածննդի վկայությունն են ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները:

2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի զգալի մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:

Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած գործելաոճը՝ մոտ 4,5 ամիս Արցախը պահելով լիակատար շրջափակման մեջ: Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ:

Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս անգամ: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:

Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցը վկայում է, որ վերածնված ժողովուրդը երբեք չի մոռանում, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:
Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար