Ներքին 3 տարի առաջ - 17:47 21-04-2023

Կստեղծվի Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա

Հայաստանում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա, որտեղ իմի կբերվի Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է իմի բերել Ցեղասպանությունը վերապրածների և Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով»,-ասաց Մարությանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշեց, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացել է «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմել է ԿԳՄՍՆ: Ստեղծվել է 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվել է ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվել է ԿԳՄՍՆ։

«Գիտաժողովի և հանդիպումների ընթացքում շատ քննարկվում էր, որ Հայոց ցեղասպանության թեման պետք է դասավանդել, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս և ի՞նչ պետք է դասավանդվի: Կա համաշխարհային փորձ, որը պետք է պարզապես տեղայնացնել և կիրառել: Գործընթացը ամեն դեպքում սկսված է և իր հունով առաջ է գնում»,- պարզաբանեց Մարությանը:

Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Մարությանը նշեց, որ անցյալ տարի թանգարան-ինստիտուտում դպրոցականների համար կազմակերպված 48 դասախոսություններից 14-ը «Նեմեսիս» գործողության թեմայով են եղել: Նրա խոսքով՝ դասախոսությունների թեման դպրոցականներն իրենք են ընտրում։ Մարությանը դա ցուցանիշային է համարում, քանի որ այսօր երիտասարդներին հետաքրքրում է դրականը, պայքարը, այն փաստը, որ հայ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, փորձել է հասնել արդարության: Անցյալ տարի դասախոսություններին մասնակցել է 1200 աշակերտներ:

ՀՑԹԻ տնօրենը կարծում է, որ որակական փոփոխություններ են անհրաժեշտ պատմության մեջ ցավալի տարեթվի ընկալման հարցում: Նրա խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովուրդը ուշադրությունը սևեռում է վշտի վրա՝ ինչ-որ առումով արժանին չմատուցելով ողջ մնացածներին, այդ թվում՝ զինված դիմադրության շնորհիվ ողջ մնացածներին։
Մարությանը կարևոր է համարում զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ ցույց տալը, որ հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, նոր կյանք կառուցել:

ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ Ցեղասպանության խնդրով այսօր հետաքրքրվում են նաև երիտասարդները, որոնք, մասնավորապես, ուզում են հասկանալ՝ ինչով կարող են օգտակար լինել այդ ուղղությամբ:
Նա ընդգծեց, որ 2022 թվականին թանգարան-ինստիտուտը ունեցել է չորս ժամանակավոր ցուցադրություն:
«Քովիդից և պատերազմից հետո թանգարանի այցելուների թիվը պակասել էր: 2019 թվականին շուրջ 95 հազար այցելություն կար թանգարան և հուշահամալիր, իսկ անցյալ տարի՝ 2022 թվականին, շուրջ 60 հազար այցելու կար, որից 42 հազարը՝ օտարերկրացիներ: Մենք նկատել ենք, որ թանգարանի այցելությունների գերակշռող մասը օտարերկրացիներ են: Հայերը շատ քիչ են այցելում թանգարան, հայաստանցիների մի զգալի մասը նույնիսկ թանգարանի տեղը չգիտի, և, իհարկե, սա շատ վատ է: Անցյալ տարի թանգարան և հուշահամալիր այցելել է 788 օտարերկրյա պատվիրակություն, որը պատմական թիվ է»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է ՀՑԹԻ առաջիկա ծրագրերին, Մարությանը նշեց, որ ընթացիկ տարում երկու գիտաժողով կանցկացվի (մայիս և սեպտեմբեր ամիսներին) երեխաների բռնի տեղահանման և ճամբարներում ապակենտրոնացված կյանքի թեմայով:
Նա նշեց, որ 2023 թվականի հուլիսին կսկսվեն ՀՑԹԻ վարչական շենքի և թանգարանի, 2024 թվականի հուլիսին՝ բուն հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Կառավարությունն այդ աշխատանքների համար արդեն հատկացրել է ավելի քան 800 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում