Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու և զինծառայողի՝ կրոնական միավորումներ ստեղծելու արգելք սահմանող դրույթները։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադառնալով նախագծին ասաց, որ արհմիությունների մասով նախագիծը խնդրահարույց չէ, որովհետև ոստիկանության կամ մյուս ուժային կառույցների ծառայողներն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող մարդիկ են և իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար կարող են դիմել արհմիություններին, այստեղ խնդրահարույց է կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքը հակասահմանադրական ճանաչելը։
«Պատկերացրեք, որ ոստիկանությունում ծառայության են ընդունվում մարդիկ, ովքեր «Եհովայի վկա» են, մենք ունենք այդ աղանդի հետ կապված նախադեպ, երբ եվրոպական դատարանի որոշման հիման վրա մեզ մոտ մտցվեց այլընտրանքային ծառայություն, հիմա պատկերացրեք ոստիկանական համակարգի որևէ ստորաբաժանմունքում գործ են անում «Եհովայի վկաները», որոնց կրոնական քարոզը կամ գաղափարախոսությունը արգելում է կրել զենք։
Ասենք՝ ծանր հանցագործի վնասազերծման ժամանակ այդ մարդիկ ի՞նչ գործողություն են կատարելու, կամ ի՞նչ համապատասխան գործիքի օգտագործմամբ են այդ գործողությունը կատարելու։ Կամ, եթե Սահմանադրական դատարանը սա ճանաչել է հակասահմանադրական, արդյո՞ք սրանից հետո չպետք է փոխվի Ոստիկանության մասին օրենք կամ կանոնակարգերը, որտեղ գրված կլինի, որ որոշակի ստորաբաժանմունքներ, ելնելով իրենց սպեցիֆիկայից, չեն կարող որոշակի աշխատանքում ներգրավվել, ասենք, աղանդավորական անձինք, որոնց կրոնական կազմակերպությունում արգելվում է զենք կրել։
Կամ, ասենք, այդ դեպքում «Կյանքի խոսք» եկեղեցու աղանդավոր անդամ-ոստիկանները ծառայությունը ստորադասելո՞ւ են եկեղեցական գործունեությանը, այսինքն, իրենք, օրինակ՝ կարո՞ղ են մեկ շաբաթ չգալ ոստիկանություն աշխատանքի, որովհետև իրենց եկեղեցին կազմակերպել է խոնարհումի ծեսեր, որին իրենք պարտավոր են մասնակցել։
Ի վերջո, բոլորս գիտենք, թե աղանդավորները վերջին շրջանում որքան են շատացել ու աղանդավորական գործունեությունը որքան վնասակար է դարձել, դրա արդյունքում մարդիկ խիստ կառավարվող են դառնում»։
Նա նաև նշեց, որ, օրինակ, Եհովայի վկաները աշխատանք են կատարում, նրանք ակտիվ քարոզ են կատարում։ «Ինչպես ոստիկանապետ Վահե Ղազարյանը կվերաբերվի, երբ «Եհովայի վկա» աշխատող ոստիկանը պարբերաբար ոստիկանությունում քարոզ անի ու մարդկանց ներգրավի աղանդի մեջ։ Սա նշանակում է, որ ոստիկանությունն առհասարակ կարելի է փակել»։
Նա ընդգծեց, որ նույն իրավիճակը նաև ԱԱԾ-ում է լինելու։ «Պատկերացրեք, եթե ԱԱԾ-ում աշխատակից ունենանք, որը զբաղվում է, օրինակ՝ հետախուզությամբ կամ հակահետախուզությամբ և աղանդավորական գործունեության շրջանակում առնչություն ունենա Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի հետ, որի՞ն է այդ իրավիճակում նախապատվություն տալու»։
Իրավաբանն ընդգծեց, որ սա պետականության հիմքերը խարխլելու, Հայ առաքելական եկեղեցու դեմ միտված որոշում է, որը նպատակ ունի ոստիկանական և մյուս ուժային համակարգերում և այլ ուժային կառույցներում ծառայության մտցնել մարդկանց, ովքեր հեռացել են Հայ առաքելական եկեղեցու ուսմունքից, քրիստոնեությունից և դավանում են այլ աղադավորական կազմակերպությունների, որոնք արդեն հաստատված են, որ զբաղված են կամ հոգեորսությամբ, կամ մարդկանց ուղեղները բթացնելով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին Պաշտպանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։
Պաշտպանը վիճարկել էր սահմանված արգելքների համապատասխանությունը կրոնի ազատության, միավորումների ազատության իրավունքներին, համաչափության և որոշակիության սկզբունքներին։