Բայրամովը Հայաստանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի երկու դիվերսանտներին
copy image url

Բայրամովը Հայաստանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի երկու դիվերսանտներին

Արտաքին 2 տարի առաջ - 17:15 17-04-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։

Բայրամովը հերթական անգամ Հայաստանին ուղղված մի շարք անհիմն մեղադրանքներ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ «Հայաստանը չի կատարել իր պարտվորությունները՝ մասնավորապես ամբողջությամբ չի դուրս բերել իր ուժերը Ադրբեջանի տարածքներից, շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական 8 գյուղ, ինչպես նաև շարունակում է իր ռազմաքաղաքական սադրանքները»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ Հայաստանում երկու ադրբեջանցի «զինծառայող» է գերեվարվել, որոնցից մեկի նկատմամբ, իբր, «ֆիզիկական բռնություն է կիրառվել»։ Նա Հայաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել գերեվարված երկու դիվերսանտներին։

Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։