Բրիտանական Financial Times պարբերականի լրագրող Ադամ Սամսոնը այցելել է Թուրքիայի Քոնիա քաղաք, որտեղ դիտարկումներ է կատարել առաջիկա համապետական ընտրությունների նկատմամբ բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Լրագրողը գրել է, որ ընտրողները հոգնել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և կարծում են, որ նրա գլխավորած կառավարությունը խորտակել է երկրի տնտեսությունը։
Ադամ Սամսոնը շեշտել է, որ քաղաքում նվազել է Էրդողանի նկատմամբ վստահությունը, որն ավանդաբար համարվել է իր ամրոց-քաղաքը։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իշխանության նկատմամբ վստահության անկումը ուղղակիորեն չի վերածվել ընդդիմության նկատմամբ աջակցության։ Լրագրողի խոսքով՝ օրեցօր ավելի ու ավելի շատ ընտրողներ են շշնջում, որ փոփոխություն են ցանկանում։
Financial Times-ի լրագրողը իր հոդվածում ներառել է Քոնիայի սրճարաններից մեկում աշխատող խոհարարի մեկնաբանությունները, ով նշել է, որ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև հիմնարար իրավունքների և ազատությունների անկումը և կառավարման նախագահական համակարգը, որը իշխանությունը կենտրոնացրել է Էրդողանի ձեռքում, ընտրողներին վանում է նրանից։
Սամսոնը շեշտել է, որ Թուրքիայի քաղաքացիները չեն վստահում նաև ընդդիմութանը՝ ուշաշդրություն հրավիրելով այն բանին, որ նրանք շատ քիչ պատճառներ ունեն ընդդիմադիր «Ազգ դաշինքի» օգտին քվեարկելու համար։ Վերջինս այս ընտրությունները համարել է Էրդողանի և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության 20-ամյա իշխանության ամենադժվար ընտրական գործընթացը և հիշեցրել՝ հարցումները ցույց են տվել, որ Էրդողանը և ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն գրեթե հավասար վարկանիշ ունեն։
Լրագրողը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին կայացած նախագահական ընտրություններում Քոնիայի յուրաքանչյուր չորս ընտրողից երեք քվեարկել են Էրդողանի օգտին, սակայն այս անգամ իրավիճակն այլ է, քանի որ երկիրը կանգնած է հսկայական տնտեսական ճգնաժամի առաջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։