Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:01 07-04-2023

Դիմացինին վիրավորելու, թքելու կամ ստիպողաբար ծնկի իջեցնելու ընդունակ մարդն ընդունակ է ամենավտանգավոր արարքի

«Լիարժեք համոզված եմ, որ կրթության նախարարը ճիշտ է ասում։ Հասարակությանն անհարիր պահվածք ցուցաբերելը, բացարձակ անընդունելի ու քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի հստակ բառապաշար գործածելը միանշանակ գալիս է կրթական ցածր մակարդակից»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե օրերս Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը կրթական համակարգի բացթողումն է։

«Մեր դպրոցներում, ըստ ամենայնի, մենք տեսնում ենք, որ նաև հրաժարվեցին շատ առարկաներից, ինչպես Հայոց եկեղեցու պատմությունն էր։ Չպետք է մոռանալ, որ այս նոր փոփոխությունների հեղինակները որոշ ուսուցիչների նաև ամբաստանեցին, որ իրենք իրենց դասը կարող են սկսել աղոթքով և այլն։ Այնինչ քանի որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, և անկախ նրանից՝ դու հավատում ես, թե ոչ, քրիստոնեական դաստիարակությունն ու արժեքները ժողովրդավարական բարձր արժեքներ են։ Այսինքն, երբ դու անընդհատ հալածում ես այդ արժեքները, նաև հայ գրականության դասաժամերի կրճատմամբ, բերում է նրան, որ ձևավորվում են մարդիկ, որոնք ունեն շատ վատ բառապաշար և ամենակարևորը, իրենք չունեն տաբուներ»,- ասաց նա։

Սա, ըստ Նարինե Դիլբարյանի, ամենավտանգավոր երևույթներից է ու կարող է մեծ ու աղետալի իրավիճակների հանգեցել։

«Կա այսպիսի հասկացողություն՝ այն մարդը, որը չունի տաբու, բացարձակ վտանգավոր է։ Դիմացինին վիրավորել, նրա վրա թքել կամ ստիպելով ծնկի իջեցնել նրան, օգտագործել տգեղ բառեր․ դա նշանակում է, որ դու չունես արգելքներ, և քեզնից կարելի է սպասել ամեն վտանգավոր քայլ»,- ասաց նա։

Այս առումով, Oragir.News-ի զրուցակիցը ևս կարևորեց կրթական ոլորտը ներկայացնող պետական գերատեսչությունների կողմից տարվող աշխատանքի կարևորությունը։

«Գիտենք, որ վերջերս գրականության ցանկ ներբեռնվեցին նոր հեղինակներ, որոնք, ի դեպ, աչքի չեն ընկնում ավանդական արժեքների պահպանմամբ։ Դրա փոխարեն հեռացնում են մեր դասական նյութերը։ Այս ամենը բերեց նրան, որ մեզ մոտ իջել է մարդկանց բարոյական արժեքային նշաձողը։ Դրա արդյունքները մենք այսօր «վայելում» ենք»,- ասաց նա։

Բանասիրական գիտությունների դոցենտը խնդիր է տեսնում նաև հանրության լեզվամտածողությունը ձևավորող կարևոր օղակներից ևս մեկի՝ Հանրային հեռուստատեսության եթերում հնչող բառապաշարում ու եթերային էթիկայի պահպանման հարցում։ Այս առումով, հատկապես մատնանշեց նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանի եթերային կերպարն ու խոսելաոճը։

«Նույն Պետրոս Ղազարյանը շատ հաճախ խոսում է «ա»-երով, խոսում է ոչ մաքուր և գրական հայերենով։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես՝ որպես լեզվաբան, դրան բացարձակ դեմ եմ։ Կարծում եմ, որ խոսքի բարձր մշակույթին, այն էլ Առաջինի եթերում, պետք է տիրապետող լինի։ Այսինքն, ինչ-որ դատողություններ անելուց առաջ պետք է հետևել դրանց։ Հույս ունեմ, որ տիկին Անդրեասյանը, գոնե հիմա, տեսնելով վնասները, կանդրադառնա նաև իր ամուսնու բառապաշարին։ Մենք չպետք է թույլ տանք, որ արտահայտվեն այդպես՝ քերականական սխալներով, բարբառային ինչ-որ ժողովրդախոսակցական լեզվով՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Հանրայինը, ի վերջո, բոլոր քաղաքացիների հարկերի հաշվին է իր եկամուտներն ապահովում, և նրա խոսքը սփռվում է ՀՀ բոլոր ծագերում։ Նախարարը ճիշտ հարց է բարձրացնում, բայց, կարծում եմ, որ անկախ ամուսնական հարաբերւթյուններից՝ նրանք պետք է անդրադառնան նաև այդ հարցերին»,- ասաց նա։

Այս համատեքստում, մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանի Լեզվի տեսչությունը ևս այդ հարցին բավարար ուշադրություն չի դարձնում։

«Նրանք միշտ խոսում են, որ իրենց լիազորությունները բավարար չեն։ Նախարարությունը դրանով ևս պետք է խիստ զբաղվի»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ իրավիճակը սփոփիչ չէ ո՛չ միայն բառապաշարի ընտրության, այլև եթերային էթիկայի պահպանման առումով։

«Դա ընդհանրապես չի պահպանվում։ Բոլորը բոլորի վրա գոռում են, աղաղակում են։ Մեզ մոտ բացարձակ անհանդուրժողականություն է։ Դա սարսափելի է։ Պետրոս Ղազարյանը հենց էդպես կոպիտ ընդհատում է մարդկանց խոսքը։ Իսկ մենք գիտենք, որ մարդկային խառնվածքները տարբեր են։ Ինքս էլ, ժամանակին լինելով հաղորդավար, գիտեմ, որ կարող ես ջախջաղել դիմացինին տարբեր գործոններով, և բոլորովին պարտադիր չէ, որ դու կոպիտ ընդհատես կամ ինչ-որ վիրավորական բառեր ասես, սկսես ինչ-որ տարօրինակ հարվածներից։ Մի մասը դրանից, այո՛, կարող է կոտրվել, մյուս մասն էլ սկսում է այդ ոճով իրեն պատասխանել»,- ասաց նա։

Նարինե Դիլբարյանն այս առիթով հիշեց Պետրոս Ղազարյանի վերջին բանավեճերից մեկը, որի ընթացքում, մեր զրուցակցի խոսքով, հերթական անգամ ճիշտ այդպիսի իրավիճակ էր ստեղծվել։

«Նրա վերջին բանավեճերից մեկը վերածվեց նրան, որ իրեն հղեցին բազում մեղադրանքներ։ Ինքն, ըստ էության, հարձակվեց մարդու իրավունքների պաշտպանի՝ ընդդիմության թկնածու Էդգար Ղազարյանի վրա՝ բացարձակ անհասկանալի ինչ-որ հարց-մեղադրանքով, որում խիստ հեգնանք կար, և ստացավ նույն որակի հզոր պատասխան։ Դրա փոխարեն մենք փոխանակ լսեինք, թե մարդու իրավունքները Հայաստանում հիմա ինչ մակարդակի վրա է գտնվում, և ինչ խնդիրներ ունենք՝ մենք պարզում էինք, թե ում պրոֆեսիոնալիզմն ինչ մակարդակի է։ Բայց գիտե՞ք, ով քամի է ցանում, ինքը փոթորիկ կհնձի։ Իսկ ես, իբրև Հանրայինի նաև համեստ հարկատուներից մեկը, չեմ պատրաստվում լսել ինչ-որ այդպիսի անձնական «փոխհրաձգություններ»։ Այո՛, այդ «փոխհրաձգությունում» Էդգար Ղազարյանին հաջողվեց ընդհատել ու կասեցնել Պետրոսս Ղազարյանի քայլերը, բայց դա չէր բոլորովին խնդիրը։ Պետք է ծավալել արժեքավոր բանավեճ՝ մարդու իրավունքների ու դրա պաշտպանվածության մակարդակի վերաբերյալ՝հանգիստ լսելով միմյանց»,- ասաց նա։

Այս բանավեճի կուլտուրային բանասերն անդրադառնում է առանձին։ Հայտարարում է՝ մեր երկրում գրեթե բացակայում է բանավեճի մշակույթը։

«Դիմացինի վրա գոռան, ու նրան ինչ-որ մեղադրանքներ հղելը կոպիտ բառեր օգտագործելը, որից չեն խորշում ո՛չ վարչապետը, ո՛չ ՀՀ ԱԺ նախագահը, ոչ պատգամավորները, սարսափելի երևույթ է»,- ասաց նա։

Այսպիսի խնդիրները լուծելու քայլեր իրագործողներն, ըստ Նարինե Դիլբարյանի, այդ քայլերը չեն անում, քանի որ բարձրագույն իշխանություն լինելով իրենց հիմա ձեռնտու չէ դա։

«Իրենք կարծում են, թե իրենք միակ ճիշտն են։ Պատգամավորները կարող են անգամ մարդու հարվածել, չգիտեմ՝ ինչ անեն, հետո տխեղծ արտահայտություն կա, որ միայն երեխաները կարող են անել, ինչը նույնպես ընդունելի չէ՝ «լավ եմ արել»։ Ի՞նչ է նշանակում լավ եմ արել։ Մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի ու արարքների համար։ Չի կարելի խախտել վարքականոնը։ Բրեվարքության մասին եք խոսում, բայց այդ բարեվարքությունն իսպառ հալածված է։ Ցավոք սրտի, հենց 2018 թվականի իրադարձությունների ժամանակ մենք մոտռացանք բարեվարքության մասին։ Է՛լ սկսեցինք վիրավորել, է՛լ դագաղներ, է՛լ մեռնելու ծաղկեպսակներ»,- ասաց նա։

2018 թվականին, ըստ մեր զրուցակցի, ևս մեկ ժանր է զարգացել՝ անեծքների ժանրը։

«Այսօր Հայաստանում ծաղկում է միայն մեկ ժանր՝ անեծքների ժանրը։ Բոլորին թվում է, թե իրենք ինչքան ամուր անիծի, այնքան լավ։ Ընդդիմադիր հանրահավաքին կարող ես ելույթ ունենալ, ինչ-որ անձինք կարող են մեղադրել քեզ ինչ-որ «լափամանից» օգտվելու մեջ։ դա ի՞նչ արտահայտություն է։ Ընդ որում, այդտեղ բացարձակ սուտն է գերակա։ Լափամանից օգտվողներն ամենաբարձրն են դա գոռում։ Եվ այդպես, մենք շրիշակից էլ ցածր ենք իջեցրել բանավեճի մշակույթը։ Դա ողբերգություն է։ Մեր բոլոր ձախողումները գալիս են հենց դրանից»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է