Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:59 31-03-2023

1 կգ կարտոֆիլը՝ 6000 դրամ. Արցախում առևտուրն անկառավարելի է

«Վերջին ժամանակներում մենք բոլորս ենք ականատես եղել, որ Արցախում անկառավարելի վիճակ է։ Ներկրվում են ապրանքներ անհայտ ճանապարհներով, ու աստղաբաշխական գներով դրանք վաճառվում են։ Մարդիկ իրենց մտահոգությունները հայտնում են, որ եթե հնարավոր է ապրանք ներկրել, ինչո՞ւ դա պետությունը չի անում, այլ անում են ինչ-որ անհատներ ու հարստանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն հայտարարությանը, թե պետք է խելքի գալ և զսպել անիծված եղանակով հարստանալու տենչը։

Պատասխանելով հարցին, թե ում է ուղղված այդ հայտարարությունը, Հակոբյանն ասաց, որ այն ուղղված է անհատ ներկրողներին. «Արցախում բոլոր ապրանքների գներն աստղաբաշխական են, օրինակ՝ մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժե 6000 դրամ։ Դե պատկերացրեք, թե ինչ տեսակի անամոթություն է։ Մենք՝ որպես ընդդիմադիրներ, լծակներ չունենք, հարցումներին իշխանություններն անգամ չեն պատասխանում։ Բնականաբար, իշխանական թևն ավելի տեղեկացված է ու գիտի, թե ովքեր են այդ անհատ ներկրողները, ԱԺ նախագահը ինքը հենց իշխանական թևից է ու շատ լավ գիտի, թե ինչի և ում մասին է մասնավորապես խոսքը, ու այն տարակուսանքները, որոնք կան երեկվանից, նրա համար են, որ նախ ԱԺ-ն ժողովրդի կողմից ընտրված մարմինն է, նախ ինքը հենց պետք է ձեռնամուխ լինի խնդիրը վերացնելուն, դրանց լուծում տալուն։ Մենք՝ որպես ընդդիմադիրներ, մեր կարողության սահմաններում արել ենք ամեն ինչ, իսկ եթե նման իրավիճակը շարունակվում է, ապա այն իշխանության թողտվությամբ է շարունակվում։ Եթե իշխանությունից են նման հայտարարություններ անում, ապա հետևաբար իրենք գիտեն անուններ։ Դրա համար դա կարելի է դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին, իհարկե, բայց դրա հետևանքը չկա, այսինքն՝ եթե չեն հրապարակվում անուններ, ապա դա պետք է ընկալվի որպես հաղորդում հանցագործության մասին։ Եթե իշխանական թևն է նման հայտարարություններ անում, ապա հետևաբար հերթական անգամ փոխվել է Արցախում ամեն բան, իսկ իշխանությունը պոպուլիզմով է զբաղված»։

Հակոբյանի խոսքով՝ անհնար է, որ իշխանության լծակներից չօգտվեն ապրանք ներկրող անհատները, որովհետև Արցախում դա շատ խորը հիմքեր ունի, բայց դա վաղուցվա աշխատելաոճ է, ու այդ դեպքում անհնար է, որ դա ամենաբարձր մակարդակով չկառավարավի, որովհետև ժողովրդի ցասումը կառավարելու համար գոնե ձևական նման հայտարարություն չանելն անհնար էր։

«Ես նաև նշեմ, որ ներկրվող ապրանքները ահավոր անորակ են, ու այնպես չէ, որ լավն է, դրա համար է այդ արժեքին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն էր արել. «Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով: Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը: Հայրենակիցնե´ր, շրջափակումը մի օր կավարտվի: Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»։