Ներքին 3 տարի առաջ - 12:53 22-03-2023

Ադրբեջանցիները կրակ են արձակել ռուս զինծառայողների ուղղությամբ․ Աբրահամյան


Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:

Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:

Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:

Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»:

Հիշեցնենք՝ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»։

Այսօր ՊՆ-ից հայտնեցին.
«Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։