copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:02 16-03-2023

Եթե մեր բարեկամ ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ միջազգային մեխանիզմներ գործարկելու համար

Պրահայում դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի։ Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նսիտում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես գիտեք, ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, և քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն, այո, արդարացված է: Բայց ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով և մեջբերելով այն նպատաները, որոնք նշել էր Պուտինը՝ ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելուց առաջ․ «Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։

Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, հիմա ուզում եմ կրկնել․ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ. «Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ, Խծաբերդի, Հին թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանների ու քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առաձնահատուկ դերը, վաստակն այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»։

Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: «Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումներից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեմաn, մինչդեռ, միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին։ Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի՝ օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից։

Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը․ հիշեցնեմ՝ այն է՝ «ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։

Սա նշանակում է, որ ԼՂ-ի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի ու ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն։ Ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ», - ասաց նա։

Փաշինյանն ասաց, թե այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներակայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չի բարձրացվում․ «Խնդին այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ-ի ու նրանց անմիջապես հարակից շրջանների փախստականներին ու ներքին տեղահանվածներին, բայց սա խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն ու իրենց գույքային, վերադարձի ու այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։