Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:52 07-03-2023

Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը. այն ներկայացրել է Ռուբեն Վարդանյանը

Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր: Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները՝ ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը:

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է:
Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակությունն Արցախի բնակչության համար:

«Նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը նույնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցության այլընտրանքային և հուսալի միջոց կդառնա: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Կենտրոնում կազմակերպված մյուս քննարկումը վերաբերել է Արցախի անվտանգության հարցերին, ներկայացվել է Highgate Consultancy սոցիոլոգիական ընկերության՝ 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության՝ անվտանգությանը վերաբերող հատվածը: Հետազոտությունը բավականին համապարփակ է և ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը պետական կառավարմանը, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում, սփյուռքահայերի հետ փոխհարաբերությունները, ինքնությունն ու կրթությունը, սոցիալական հավասարությունը և այլն:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ շատ կարևոր է հասկանալ ժողովրդի մոտեցումը, հիմնական մտահոգություններն ու խնդիրները, որպեսզի ծրագրերը լինեն թիրախային՝ ուղղված նրանց կենսական խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է առաջնորդվում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը:

Անդրադառնալով «Մեր սարերը» կենտրոնի գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այն դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ: Քննարկումները հիմնականում երկու ուղղություն են ընդգրկելու՝ փորձագիտական, ռազմավարական վերլուծություններ և իրականացվող ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

«Այս ճգնաժամի պայմաններում կարևոր է ունենալ մի վայր, որը հնարավորություն կտա համագործակցության մեխանիզմ գործարկել մասնավոր և պետական հատվածների միջև: Վստահ եմ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել այս մարտահրավերները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել