Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:16 02-05-2023

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարժական բրիգադներ է գործարկում Արցախում


Արցախի Հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի երեք շրջանների գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման շարժական ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումը: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնության` բժշկական շարժական բրիգադն աշխատանքն սկսելու է Մարտունու շրջանից: Առողջապահության նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով` բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից սկսած կշրջի համայնքներում և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:

«Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Արցախի հատկապես շրջանների ու հեռավոր համայնքների բնակչության համար: Հիմա, երբ շրջափակման հետևանքով ավելի է բարդացել վառելիքի ձեռք բերման հարցը և Ստեփանակերտ հասնելն ավելի է դժվարացել, այսպիսի բրիգադի գործարկումը շատ լուրջ սոցիալական խնդիր է լուծում: Մեքենան հագեցած է որակյալ սարքավորումներով և ի վիճակի է բարձրորակ ծառայություններ մատուցել: Մենք երախտապարտ ենք թե Արցախի առողջապահության նախարարությանը, թե մեր գործընկերներ՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամին և «Santé Arménie»-ին այս նախաձեռնության իրականացման և Արցախի բնակիչների կողքին գտնվելու համար»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

««ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը՝ առողջության առաջնային օղակի պահպանման բարեփոխումներն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները կստանան առավել որակյալ բուժօգնություն, ինչի շնորհիվ զգալիորեն կլավանա վերջիններիս կյանքի որակը», - ասել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը։

«Նախագծի նպատակն է, որ անվտանգության տեսանկյունից ծանր պայմաններում ապրող խոցելի բնակչությունն ստիպված չլինի պարբերաբար այցելել քաղաք, այլ ունենա վերապատրաստված բժշկի կողմից ճիշտ բուժում ստանալու հնարավորություն», - նշել է «Santé Arménie» նախաձեռնության անդամ, բժիշկ Տաթևիկ Բազինյանը։

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է շարժական բրիգադները լիովին ինտեգրել Արցախի առողջապահական համակարգում, և Առողջապահության նախարարության հետ համաֆինանսավորմամբ շարունակել բրիգադների գործունեությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել