Ինչպես չի կարելի հաղորդակցվել հանրության հետ․ հերթական մաստեր կլասը ԱՆ-ից
copy image url

Ինչպես չի կարելի հաղորդակցվել հանրության հետ․ հերթական մաստեր կլասը ԱՆ-ից

Ներքին 2 տարի առաջ - 12:53 04-03-2023
Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք. հիվանդները հոսպիտալացվել են։

ԱՆ խոսնակի «հացը կտրող» Սարգսյանը, որ շատ հարցերում նախարարությունից առաջ է ընկնում եւ հանրությանը իրազեկման գործառույթը իրականացնում, այս պարագայում ընդամենը ԱՆ-ի հաղորդագրությունից հատված էր հրապարակել։

Պարզվում է՝ երեկ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունն է այս ինֆորմացիան տարածել՝ առանց հավելյալ գնահատելու դրա ազդեցությունը, ռիսկերը, նպատակահարմարությունը, առանց մանրամասների մեջ խորանալու։ Մասնավորապես, հայտնի չէ՝ ինչ սեռատարիքային խումբ են հիվանդները, որ շրջանից են, ինչ է հայտնի դեպքերից, ինչ է խորհուրդ տրվում քաղաքացիներին եւ այլն, զրո ինֆորմացիա։

Միեւնույն ժամանակ, տեղեկությունը շոկային է եւ խուճապ է առաջացնում մանկահասակ երեխաներ ունեցողների, մեծահասակների, հղիների, չպատվաստվածների շրջանում։ Ավելին, եթե նման անպատասխանատու, անատամ ինֆորմացիա հրապարակեր որեւէ լրատվամիջոց, առնվազն կորակեին ֆեյք լուր տարածող, խուճապ առաջացնող, ոչ պրոֆեսիոնալ։

Միթե հանրության անմիջական շահերին, կյանքին, առողջությանը վերաբերող ինֆորմացիաները կարող են այսպես կիսատ-պռատ լինել, չկշռադատված, մանրամասների մեջ չխորացած, հետեւանքները եւ ազդեցությունը չհաշվարկած։ Թերեւս Աշոտ Սարգսյանին պետք է խնդրել հավելյալ մանրամասներ ճշտել եւ օպերատիվ իրազեկել հասարակությանը։