Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:50 24-02-2023

Առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում․ Սիրանուշ Սահակյան

Մենք այժմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ունենք լոկալ արձանագրումներ, բայց եթե ՄԱԿ-ի դատարանի կողմից ունենանք նաև արձանագրում կոնվենցիայի տեսքով, կսահմանափակենք բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«Քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տևելու՝ լավագույն հաշվարկով հինգ տարի կպահնաջվի ելքի համար, և ես վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այն բանին, որ Հայաստանի իշխանությունը ընդունի ադրբեջական մոտեցումները, և դատական ակտն այլևս որևէ էֆեկտ չի ունենա։ Թեման զգայուն է, չեն ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշեց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հարցի հանգուցալուծման հարթակը քաղաքական միջավայրում է, որը, ցավոք, այնքան էլ հայանպաստ չէ։ Իրավական դաշտում հնարավոր է բարձրաձայնել խոշտանգումներին, խտրականություններին վերաբերող հարցեր, բայց որևէ կերպ Արցախի ինքնորոշման և կարգավիճակի վերաբերյալ հարց՝ ոչ։

«Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունը քաղաքական հատվածի վրա է։ Մենք այս հարցում չունենք հետևողական գիծ, և ինձ համար սրա լավագույն օրինակն այն արտահայտությունն էր, երբ հռչակվեց, որ Հայաստանն Արցախ է և վերջ, և մի քանի տարվա զարգացումներից հետո, նույն ղեկավարությունն ունի Արցախն Ադրբեջան է և վերջ գաղափարախոսությունը»,- նկատեց Սահակյանը։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ նմանատիպ արտահայտությունները չկշռադատված են և վատ հետևանք են ունենում նաև մարդու իրավունքների վրա։

«Բազմաթիվ են տեսանյութերը, որտեղ հայ ռազմագերիներին պարտադրում են ասել՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ։ Չկշռադատված արտահայտությունները ոչ միայն կարող են փակել քաղաքական բանակցությունների ուղին և լեգիտիմացնել ռազմական ճանապարհը, այլև կարող են ունենալ մարդասիրական հետևանքներ»,- ընդգծեց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենց խնդիրն է փաստագրել և միջազգայնորեն ճանաչել ու հաստատել բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են Ադրբեջանի իշխանությունը հայերի նկատմամբ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև 2000-ականներից սկսված իրադարձությունները, ըստ էության խաղաղ պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից սահմանային հատվածներում հայերի առևանգման, խոշտանգման և սպանության դեպքեր են եղել։

«Այս փաստահավաքությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ հասանելիություն տարածաշրջանային և միջազգային ատյաններին և նրանց ներգրավվմամբ արձանագրել փաստեր։ Ունենք վերջնական հինգ ակտ կայացված, որոնցով արձանագրվել են կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգման, կամայական արձանագրման, բայց ամենակարևորը կարծում եմ՝ խտրականության ամրագրումն է։

Գուրգեն Մարգարյանին առնչվող գործով մենք ունենք խտրականությունը որպես պետական քաղաքականության մաս վճիռը։ Մյուս գործերով դատարանն առնվազն արձանագրել է, որ Ադրբեջանը ներում է շնորհում հանցագործներին և չի իրականացվում հայերի նկատմամբ հանցագործությունների պատշաճ հետաքննություն, ինչը կարող է մեզ համար լավ հենք լինել հայերի նկատամբ կատարված հանցագործությունները միջազգայնորեն ներկայացնելու տեսանկյունից»,- հավելեց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել