«Արևմտյան Հայաստան» կազմակերպության պաշտպանության միավորման ուժերի հասարակության հետ կապերի վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանը
Օragir․News-ի հետ զրույցում ասաց, որ Արևմտյան Հայաստանում մեծամասնություն են կազմում մահմեդականություն ընդունած ծպտյալ հայերը։
«Ամիսը մեկ անգամ լինում եմ Արևմտյան Հայաստանում։ Գրեթե բոլոր տարածքներում լինում եմ պարբերաբար։ Ծպտյալ հայերին բացահայտելու համար բավականին աշխատանք եմ տարել, ժամանակ էր հարկավոր, հիմա հյուրաընկալվում եմ նրանց, բազմաթիվ հարցեր են քննարկում։ Ուզում ենք Մուշում հին հայկական իրերի թանգարան ստեղծել։ Ցուցանմուշները կտրամադրեն ծպտյալ հայերը»,-ասում է Ռուզաննա Խաչատրյանը։
Ծպտյալ հայերը հիմնականում ներկայանում են որպես քրդեր։ Ռուզաննա Խաչատրյանն ասում է` նրանցից շատերը հայերեն բառեր, երգեր գիտեն․ «Շատերը հիմա կնքվում են, բացահայտում են իրենց իրական ազգությունը, չեն թաքցնում հայ լինելու հանգամանքը։ Նրանք ասում են, որ տատերից տեսել են մի կարևոր բան ու հետո են հասկացել, որ դա կապվում է ազգային և կրոնական իրական պատկանելիության հետ՝ հացի վրա միշտ խաչ են արել»։
Տիկին Ռուզաննան ասում է, որ իր համար ցավալի է եղել այն հանգամանքը, որ երկրաշարժը տեղի է ունեցել հին հայկական տարածքներում․ «Այդ տարածքներում շատ քիչ են թուրքերը, այնտեղ ապրում են ալիվիներ, զազաներ, հայեր, հույներ, ասորիներ, հայ լոմաներ՝ հայ բոշաներ։ Ես Արևմտյան Հայաստանի ամեն թուփն ու ծառը գիտեմ։ Զանգել եմ իմ ծանոթ բոլոր հայերին, որովհետև դեկտեմբերի 17-ին եմ եկել մեր պատմական հայրենիքից, Տիգրանակերտում նշել եմ իմ ծննդյան օրը՝ շրջապատված հայերով»։
«Արևմտյան Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննան վերջերս Մուշում գիշերել է ծպտյալ հայերի տանը․ «Էմին և Ասյա անունով ամուսինները հրավիրեցին։ Նրանք անչափ հայրենասեր մարդիկ են և ուզում են դիմել ՀՀ կառավարությանը քաղաքացիություն ստանալու համար։ Նրանք Սուրբ Կիրակոս եկեղեցում մկրտվեցին։ Տանը հայկական երգեր են լսում, պարում։ Նրանց զավակը Մուշի քաղաքապետարանում է աշխատում և խոստացել է աջակցել հայկական թանգարան ստեղծելու հարցում»։
Մեր զրուցակիցը ասում է՝ Արևմտյան Հայաստանում ապրող ծպտյալ հայերը իրար հետ կապ են հաստատում և փորձում են ուժեղանալ։ Մուշում մոտ 10 հազար հայ կա։ Ծպտյալ հայերից մեկը Տիգրանակերտում տպարան է ստեղծել, որին տվել է Արարատ լեռան անունը։
«Թուրքերը մեր վեհ լեռանը ասում են՝ Ագրի։ Այդ տպարանում թուրքերեն-հայերեն զրուցարան է տպվում։ Մինչ այսօր գյուղերի հայկական անուներ կան՝ Գառնի, Վարդենիս, Գավառ, Սարգիս, Նորշեն»,- մանրամասնում է։
Ռուզաննա Խաչատրյանը շատ լավ տիրապետում է թուրքերենին, ասում է հայերը իրեն մոտենում են նույնիսկ, երբ թուրքերեն է խոսում, զգում են, որ հայուհի է։Վստահեցնում է՝ այդ մարդիկ պատրաստ են աջակցել հայրենիքին։
Լուսին Ղազարյան