Թուրքիայում համալսարանական հանրակացարանները դատարկում են անօթևաններին տեղավորելու համար․ Բագրատ Էստուկյան
copy image url

Թուրքիայում համալսարանական հանրակացարանները դատարկում են անօթևաններին տեղավորելու համար․ Բագրատ Էստուկյան

Ներքին 2 տարի առաջ - 17:04 14-02-2023
Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Զոհերի թիվն ամեն օր ավելանում են, առաջիկայում էլ, ըստ երևույթին, դեռևս կավելանան։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայում գործող «Ակօս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ավելի քան 29 հազ․ զոհերի թիվն այն դեպքերն են, որոնց ինքնությունն արդեն հստակորեն բացահայտված են։ Բայց կան բազմաթիվ զոհեր, որոնց ինքնությունը մինչև հիմա բացահայտված չէ։ Եվ դեռևս փլատակներում մնացած անձինք կան, որոնք, հավանաբար, ողջ չեն լինի։ Հետևաբար, այս թիվն ավելի բարձրանալու հակում ունի»,- ասաց նա։

Աղետի գոտի համարված 10 քաղաքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում ավելի քան 65 երկրից ժամանած փրկարարական ծառայության աշխատակիցները։ «Այդ երկրներից, այդ թվում նաև Հայաստանից ժամանած ու տեղացի փրկարարներով միասին նրանց թիվը հասնում է 170 հազ․-ի։ Բայց աղետից արդեն ավելի քան 1 շաբաթ է անցել և մեծ հույսեր չկան։ Դեռևս մինչև երեկ ողջ մնացած մարդկանց հնարավոր եղավ դուրս բերել փլատակներից, բայց այլևս հրաշքների մասին է, որ կարող ենք խոսել»,- ասաց նա։

Էստուկյանի խոսքով, որոնողական աշխատանքներին զուգահեռ, մեկնարկել են նաև փլվածքների մաքրման ու շենքերի վնասազերծման աշխատանքներ։ «Գիտեք, 10 քաղաք է ազդվել երկրաշարժից։ Այդ քաղաքներից գլխավորներ են Հաթայը, Ադանան, Մարաշը, Ադիամանը, Մալաթիան։ Այս քաղաքնրում շատ ծանր վնասներ եղան։ Հիմա այլևս փլվածքները վերացնելու ու մաքրելու փուլին ենք հասել։ Դրա համար էլ փրկարար ջոկատները մեկ-մեկ ավարտում են իրենց աշխատանքն ու վերադառնում են իրենց երկրներ։ Իսպանացիներն արդեն մեկնեցին, փետրվարի 14-ին, Հայաստանի ջոկատը ևս ավարտել է իր փրկարարական աշխատանքները»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն Oragir.News-ին հայտնեց, որ սեյսմոլոգները Թուրքիայի տարածքում վերջին շրջանում ավելի քան 1000 հետցնցում են արձանագրել։ «Դրանցից ամենաուժեղը եղել է 6․6 բալ։ Նոր հետցնցումների դեռևս սպասում ենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է անօթևան մնացածներին՝ «Ակօս»-ի խմբագրի խոսքով, կա այդ խնդրին բախված քաղաքացիների երկու խումբ։ «Կան մարդիկ, որոնց տներն ամբողջությամբ փլված են։ Այսինքն, այդ մարդիկ բնակարանները պարզապես կորցրել են։ Կան նաև վախի պատճառով իրենց բնակարաններ մտնել խուսափող մարդիկ։ Նրանց համար էլ իբրև միջոց կառավարությունը որոշեց համալսարանական հանրակացարանները դատարկել ուսանողներից ու տրամադրել անօթևան մնացածներին։ Բայց սա էլ իր հերթին նոր դժվարություն ստեղծեց, քանի որ այդ հանրակացարանում երկրաշարժի գոտուց եկած ուսանողներ ևս կային։ Հիմա նրանք են անօթևան մնալու։ Շատ բարդ իրավիճակ է։ Այս ֆոնին կառավարության աշխատանքն ավելի է բարդանում՝ այդ իրավիճակներում ճիշտ որոշում կայացնելու առումով»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի, հայ համայնքը երկրաշարժից համեմատաբար քիչ է տուժել։ «Պատճառներից մեկն այն էր, որ այդ տարածաշրջաններում բնակվող հայերը շատ մեծ թիվ չէին կազմում։ Իսկ հայերի հավաքական գյուղում երկրաշարժի հետևանքով ավերածություններ գրեթե չեղան, քանի որ այն գտնվում էր ժայռոտ տարածքում, այսինքն՝ այն տարածքում, որտեղ հողը համեմատաբար ավելի ամուր է։ Առավելապես տուժել են դաշտային տարածքներում կառուցված քաղաքները։ Այս բոլորը բարեբախտություն եղավ, անշուշտ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, պատրիարքարանը շարունակում է միջոցներ ձեռնարկել նրանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ «Որքանով տեղյակ եմ՝ կարիքավորներ այնտեղ չկան։ Միայն մի քանի ընտանիքներ տեղափոխվել են մեծ քաղաք՝ իրենց բարկամների ու հարազատների տներ։ Այդ ճամփորդությունը կազմակերպելու գործընթաց է իրականացվում։ Այս առումով էլ բավականին լավ կազմակերպված աշխատում է հանձնախումբը»,- ասաց նա։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հայկական համայնքը վերջին երկրաշարժի հետևանքով 11 զոհ ունի։ Ըստ նրա, հաշվի առնելով, որ համայնքի բոլոր անդամների մասին արդեն իսկ տեղեկություններ կան, այդ թիվն այլևս չի մեծանա։