Երկու օր շարունակ Ազգային ժողովում քննարկումներից հետո Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Օհանյանը մեղադրվում է զորամասեր օտարելու մեջ, սակայն սա դեռ ամբողջը չէ․ դատախազի ներկայացրած միջնորդություններից մեկը գաղտնի էր լսվում, քանի որ այն վերաբերում էր անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործին։
Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, անտրամաբանական կլիներ, եթե Օհանյանը չհետապնդվեր։ Անտրամաբանական կլիներ, որովհետև գործող իշխանության օրոք հետապնդվում են ՀՀ պաշտպանության գրեթե բոլոր նախկին նախարարները։
Առաջինը թերևս 2007-2008 թթ-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանն էր։ Գեներալ-գնդապետ Հարությունյանը հետախուզման մեջ է Մարտի 1-ի գործով, որպես առանցքային մեղադրյալ։ Նա գտնվում է Ռուսաստանում։
Այնուհետև, քրեական գործեր հարուցվեց 2000-2007 թթ-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարած ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ։ Վառելանյութի գործով մեղադրանքից հետո Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև կաշառքի գործով։
Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:
44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ սկսված Հայրենիքի փրկության շարժուման օրերին, իշխանությունները քրեկան գործ հարուցեցին նաև շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ 1992-1993 թթ-ին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
2016 -2018 թթ-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանը մեղադրվում է զինվորականներին բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարած չարաշահումների համար։
Այս պատկերն ամբողջական չէր լինի, առաց յուրայինների նկատմամբ քրեական գործերի։
2018-2020 թթ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնանկությունից հետո մեղադրանք առաջադրվեց ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Այս պատկերն իհարկե վկայում է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը որքան գայթակղիչ է, նույնքան էլ պատասխանատու ու պայթյունավտանգ է, հետևաբար Սուրեն Պապիկյանը թերևս մտածելու ու զգուշանալու համար աչքի առաջ բազում օրինակներ ունի։