Ներքին 3 տարի առաջ - 13:27 09-02-2023

Լարսում մնացած վարորդների վիճակը սարսափելի է, ոչ վառելիք կա, ոչ սնունդ

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Լարսում նորից կուտակումներ են, այս անգամ՝ եղանակային պայմանների պատճառով։

Մեզ դիմած վարորդները նշում են, որ սահմանապահները փակել են անցակետը, քանի որ ձնահոսքի վտանգ կա։

Լարսում մնացած վարորդների վիճակը վատ է, վառելիքը ավարտվում է, սնունդ չկա, գիշերելու տեղ չկա և եղանակային պայմանների պատճառով շատերը հիվանդացել են։

Փորձեցինք կապ հաստատել Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ։ Հակոբյանն ասաց, որ երկուշաբթի առավոտից ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, դրա պատճառը ինտենսիվ ձյունն է։

«Ձյան հաստ շերտ է առաջացել, որն ամբողջությամբ փակել է ճանապարհը, տեղեր կան, որ ձյան հաստությունն հասնում է մեկ մետրի։ Արդյունքում, ոչ մի տեսակի տրանսպորտային միջոց այդ հատվածով չի կարողանում անցնել ոչ դեպի Ռուսաստան, ոչ դեպի Վրաստան։ Երեքաշաբթի ձյունը դադարել է։

Պետք է սկսվեն ձյան մաքրման աշխատանքներ, բայց դրանից առաջ Վրաստանի իշխանությունները պետք է վստահ լինեն, որ ձնահոսքի վտանգ չկա։ Այսինքն՝ հատուկ մասնագետները նախ ձնահոսքն իջեցնում են և երբ ձնահոսքի վտանգն անցնում է, նոր միայն սկսում են ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացնել։

Այս պահի դրությամբ արդեն ձնահոսքի մաքրման աշխատանքներն են իրականացվում, որ վտանգը վերանա, որպեսզի կարողանան տեխնիկա մտցնել։ Այսօր նախատեսվում է տեխնիկա մտցնել։ Ամենայն հավանականությամբ՝ այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ճանապարհն արդեն անցանելի կլինի առնվազն մարդատար մեքենաների համար։ Բեռնատարների համար ճանապարհն ավելի մանրակրկիտ պետք է մաքրվի, նրանց համար ճանապարհի անցանելիության մասին մենք լրացուցիչ տեղեկատվություն կտանք»։

Վարորդների համար ստղծված անմարդկային պայմանների մեղմացմանն ուղղված քայլերի մասին խոսելիս՝ Հակոբյանն ասաց, որ բեռնատարների վարորդների մեծ մասը գիտեն, որ ճանապարհը փակ է և հիմանկանում արդեն նախապես տեղավորում են մեքենաներն, իրենք էլ հյուրանոցներում են տեղավորվում ու ճանապարհի մեջ չեն գալիս, մտնում։

«Իսկ այն մեքենանները, որոնք վտանգավոր հատվածում են ու չեն կարող տեղաշարժվել՝ իրենք արդեն գտնվում են վրացական մասում։ ՌԴ և Վրաստանի ԱԻՆ-ը հատուկ տեխնիկաներ են տեղադրել ու մարդկանց ապահովում են թեյով, առաջին անհրաժեշտության ապրանքներով և շատ դեպքերում տեղ են տալիս, որ մարդիկ տաքանան։ Ռուսական կողմում նման խնդիր այս պահին չունենք»։

Նա հայտնեց նաև, որ 300-400 մեքենա այս օրերին դուրս է եկել, թե որտեղ՝ այս պահին դժվար է ասել, որովհետև ոչ մի պաշտոնական տեղեկատվության այդ մասին չկա։ «Ռուսական կողմից հայկական համարներով 300 մեքենա էլեկտրոնային հերթի մեջ է գրանցված»։

«Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհն արդեն մոտ մեկ շաբաթ է փակ է։ «Այս պահին մենք միայն մեկ մեքենա ունենք Վրաստանում՝ դեպի Ռուսաստան գնացող, բայց Լարսում, նախնական տեղեկություններով, Ռուսաստանից Հայաստան եկող 500-ից ավելի մեքենաներ կան կուտակված, մենք 6-7 մեքենա ունենք»։

Քանի որ Վրաստանում սողանքի ռիսկ կա՝ դրա համար էլ ճանապարհը դեռ չեն բացում, ձյունը դադարել է, բայց ռիսկի պատճառով ճանապարհը դեռ չեն մաքում»։

Հարցին, թե ՀՀ կառավարության կամ մաքսային կցորդի կողմից խնդրի լուծում տալու ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվում՝ նա պատասխանեց, որ ոչինչ էլ չեն անում․ «Ճանապարհը վրացին է փակել, ճանապարհը մաքելու խնդիր կա, բայց մաքրելու համար անհրաժեշտ է, որ ձնահոսքի վտանգը վերանա։ Այսինքն՝ խոսակցություններ կան, որ առաջիկա օրերին կմաքերեն, հիմա դեռ սպասում ենք»։

Ամենից շատ դիտված