Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:52 18-01-2023

Հայաստանի իշխանությունը պետք է հերքի ՌԴ ԱԳ նախարարի հայտարարած ադրբեջանական վարկածը, թե հայերը ականներ են փոխադրել Արցախ․ Արա Սահակյան

«ՀՀ իշխանությունների կողմից խնդիրն Արցախ-Ադրբեջան հարթություն տեղափոխելը նշանակում է քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխություն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները չեն, որ պետք է որոշեն Արցախի ճակատագիրը, այլ Արցախի ժողովուրդը՝ ուղիղ կապ պահելով Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նա նաև հայտարարել էր, թե Արցախի անվտանգության ապահովումը ոչ թե ՀՀ, այլ ռուս խաղաղապահների առաքելություն է։

«Դեռևս 2021-ին՝ ընտրարշավի ընթացքում, այս տեսակետը մարդկանցից թաքցվել է։ Միայն սա բավական է՝ նրանց ժողովրդի քվեն խաբեությամբ ստանալու մեջ մեղադրելու համար, որովհետև, կրկնում եմ, վերջին ընտրություններում նման թեզ չի եղել։ Մինչև 2018 թ. նվաճած ու պահվող հայկական դիրքերից թավալգլոր անկումը շարունակվում է։ Իսկ ամեն նահանջից հետո, երբ շատախոսում են դրա արդարացման մասին, մարդիկ մեկ հարց պետք է դրան տան՝ այդ ի՞նչ կերար, որ իմացար...»,- ասաց նա։

Բերձորի միջանցքի փակվելուց հետո ՀՀ-ՌԴ-Ադրբեջանի արտգործնախարարների ու ղեկավարների եռակողմ հանդիպման չկայանալու փաստը ևս, ըստ Սահակյանի, պատգամ էր պարունակում։

«Համաձայնեցված հանդիպումներից հետ կանգնելը հատուկ բացասական վերաբերմունքի նշան է։ Դիվանագիտության մեջ ոչ հաճախ, բայց կիրառվում է։ Ես կնախընտրեի սեփական հարցադրումներով և լուծումներով բանակցություններին մասնակցելը։ Իսկ չմասնակցելու դեպքում պատժամիջոցներ հաստատ չեն կիրառվի։ Սա էլ, հո, ԱԺ քվեարկություններին չմասնակցելու նման ծանր մե՞ղք չէ։ Իսկ, ա՛յ, այս տարվա Դավոսը, իրոք, ծանր հարված ստացավ նրա բացակայությունից։ Ասում են՝ սարերը սև են կապել..․»,- ասաց դիվանագետը։

Ըստ Արա Սահակյանի՝ այդուհանդերձ, Արցախում ստեղծված ճգնաժամը հնարավոր է լուծել միայն դիվանագիտական քրտնաջան ու ճիշտ աշխատանքի արդյունքում։

«Որքան հասկանում եմ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը օրերս կվերացվի։ Նկատեցիք՝ ՌԴ ԱԳՆ նախարարը քողազերծեց ադրբեջանական վարկածը՝ հայերը ականներ են փոխադրել Արցախ։ Այս պնդումը պետք է հերքի Հայաստանը իշխանությունը։ Նրան խորհուրդ եմ տալիս Ամերիկա չհայտնաբերել, փորձված հնարն օգտագործել՝ նախկինների ձեռքի գործն է, ու վերջ։ Ադրբեջանը ծպտուն չի հանի, կանցնի՝ կգնա»,- տեսակետ հայտնեց նա։

Բերձորի միջանցքի փակումը դատապարտվել է միջազգային ամենատարբեր կառույցների ու պետությունների կողմից։ Սահակյանի խոսքով, սակայն, խնդրի լուծման համար միայն արտաքին ճնշումը բավարար չէ։

«Հայաստանն էլ պետք է կոշտացնի իր վերաբերմունքը, ներկայացնի իր պահանջները... Տեսնու՞մ եք, ինքնաբերաբար հայտնվեցինք մի շրջապտույտի մեջ, որից առանց պաշտոնական Երևանի միջամտության՝ ելք չկա»,- հայտարարեց նա։

Արա Սահակյանը լավատեսություն չունի հայ-ադրբեջանական հետագա հարաբերությունների հարցում։ Իր խոսքով՝ կողմերի լեզվական փոխհրաձգությունները դեռևս երկար ժամանակ որևէ հանգուցալուծման չեն հասնի։

«Իշխանություններն էլ, ըստ հնուց եկած կարգի, դա կբորբոքեն՝ իրենց կյանքը երկարաձգելու նպատակով։ Ալիևը կամրապնդի իր և կնոջ ընտանիքների ժառանգական միապետությունը, մերոնք էլ ճշմարիտ ավտորիտարիզմի ու կեղծ ժողովրդավարության այս սիմբիոզը կշարունակեն հունցել»- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը