Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, պետք է ճանապարհը բացվեր, սպասում ենք։
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բերձորի միջանցքում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հետ բանակցություններ իրականացնելու նպատակով, օրերս Ստեփանակերտից դեպի Բերձորի միջանցք մեկնած քաղաքացիներից մեկը։
Նախաձեռնության մասնակից Արթուր Գրիգորյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն իրենց թույլ չեն տվել առաջանալ՝ հայտնելով, որ դա անում են ադրբեջանցիների հետ հնարավոր սադրանքներից զերծ պահելու համար։ «Բայց, ասացին, որ ամսի 26-ին ճանապարհը բացվելու է, քանի որ այսօր ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում պետք է տեղի ունենա հանդիպում։ ՄԵնք էլ ներկայացրինք մեր պահանջը, որ եթե չբացվի, արդեն ստիպված կլինենք հաջորդական քայլերի գնալ, ընդհուպ՝ մինչև մեր օդանավակայանի տարածքում ռուսական բազայի շրջափակման»,- ասաց նախաձեռնության անդամը։
Բացի այդ, Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնության համակարգող Տիգրան Պետրոսյանը ռուս խաղաղապահներին բնապահպանական փաստաթղթերի ամբողջական փաթեթ է ներկայացրել։ Հայտարարել է, որ ադրբեջանցիները ոչ մի հիմք չունեն հայտարարելու բնապահպանական խնդիրների մասին։ «Պատկան մարմիններից բոլոր փաստաթղթերը հավաքվել էին, և այդ փաստաթղթերում հստակ երևում է, որ չկա բնապահպանական ոչ մի խախտում։
Բայց, եթե այդուհանդերձ, բնապահպանական ստուգման կարիք լինի, ապա դա կարող է իրականացվել միջազգային համապատասխան կառույցների կողմից և ո՛չ ադրբեջանական կողմի։ Ադրբեջանցիներն ո՞վ են, որ գան ու մեր տան մեջ ստուգեն։ Հասկանալի է, որ դա ընդամենը պատրվակ է, որովհետև իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, որ ասեն՝ այսինչ փաստաթղթի վերլուծությամբ կասկածներ կան այս կամ այն խնդրի վերաբերյալ։ Ուղղակի օդում կրակած բան է։ Իրենք ոչ մի փաստ չունեն էլ, որ ներկայացնեն խախտման մասին»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հայտարարությունների անհիմն լինելու փաստն արդեն իսկ ապացուցված է իրենց ներկայացրած փաստաթղթերով։ «Բացի դրանից՝ ևս մի կարևոր փաստաթուղթ է հանվել արխիվից։ Այնտեղ մի ադրբեջանուհի, ինչ-որ ներկայացել է, իբր Ստեփանակերտում գտնվող իրենց տունն է ուզում, թե ինչ։ Այդ փաստաթղթով երևում է, որ այդ տունը պատկանել է ինչ-որ ոստիկանության կապիտան Հաշիմովի։ Ինչ-որ թաղային է եղել։ Այդ մարդու տունը փոխանակվել է Բաքվի իր բնակարանի հետ։ Այսինքն, հստակ փոխանակում կա, ոչ թե իրենց տունը խլել են իրենց ձեռքից»,-ասաց նա։

Նախաձեռնության անդամի խոսքով՝ այդ փաստաթղթերը ևս ամբողջությամբ ներկայացվել են։ «Այս ամենի ֆոնին, մենք ունենք պահանջ, որը չկատարելու դեպքում վաղվանից ավելի կոշտ ենք լինելու, քանի որ այդ կյանքի ճանապարհը բացելը նախ և առաջ ռուսական կոնտինգենտի իրավասության ներքո է։ Նրանց պարտավորությունն է։ Մեր խնդիրը ոչ թե ճանապապարհ մուրալն է այդ ոչխարներից, որ եկել ու փակել են ճանապարհը, այլ կոնկրետ նրանցից, որոնք ունեն եռակողմ համաձայնությամբ ձեռք բերած պատասխանատվությունը»,- ասաց Գրիգորյանը։